Առաջարկվում է առանց թույլտվության աշխատելու իրավունք վերապահել ոչ միայն կազմակերպության՝ ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության, այլ նաև մասնաճյուղի օտարերկրյա աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ-ն։
«Օտարերկրացիների մասին» օրենքի համապատասխան հոդվածի համաձայն՝ առանց աշխատանքի թույլտվության օտարերկրացիները կարող են աշխատել միայն օտարերկրյա իրավաբանական անձի՝ ՀՀ-ում տեղակայված ներկայացուցչությունում: Այսինքն՝ տվյալ կազմակերպության մասնաճյուղում աշխատանքային թույլտվության համար օտարերկրացին լրացուցիչ գործընթաց պետք է անցնի: Պատգամավոր Գեւորգ Պապոյանն առաջարկում է օրենքում լրացում կատարել և ավելացնել «մասնաճյուղեր» բառը: Նա ընդգծել է, որ առկա է նաեւ Սահմանադրական դատարանի՝ անձի նկատմամբ խտրական վերաբերմունքի վերաբերյալ իրավական դիրքորոշումը:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 8-ի նիստում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալ Իրինա Դավթյանը նշել էր, որ ՌԴ քաղաքացիների համար ՀՀ-ում աշխատելու գործընթացը հեշտացված է, փաստաթուղթ չի պահանջվում։
































