Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն, Հանրային ռադիոյի «Առանց տողատակի» հաղորդման շրջանակում նշել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Պաշտպանն ընդգծել է, որ թեմային անդրադարձել է անընդհատ, առանց որևէ դիմումի` սեփական նախաձեռնությամբ, և շարունակելու է բարձրաձայնել այն՝ օգտագործելով ինչպես հրապարակային, այնպես էլ ոչ հրապարակային գործիքները:
Անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը՝ Մանասյանը նշել է, որ միշտ կարևոր է հստակեցնել համանման այցերի նպատակը։
«Եթե քաղաքացիների կարծիքով` նման այցերի նպատակը պետք է լինի իմ կողմից մշտադիտարկում իրականացնելը, ապա պետք է արձանագրել, որ դա անհնար է այլ պետության տարածքում»,- ասել է նա։
Մանասյանն ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության անկախությունը չի կարող պայմանավորված լինել այն հանգամանքով, թե որքանով են այդ գործունեության համատեքստում քաղաքական դերակատարները բավարարված համարում իրենց քաղաքական նպատակները:
«Ամենապարադոքսալն այս առումով այն է, որ ՄԻՊ անկախության մասին խոսում են այն դերակատարները, ովքեր ժամանակին ունեին պարտավորություններ` կատարելու ՄԻՊ անկախության երաշխավորմանն ուղղված միջազգային հանձնարարականները ու որևէ քայլ չեն ձեռնարկել դրանք կատարելու ուղղությամբ»,- ասել է նա:
Մանասյանն անդրադարձել է նաև մի շարք այլ կարևոր հարցերի՝ վերաբերելի քրեակատարողական համակարգի բարեփոխումներին, խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացին, ինչպես նաև իրավունքների պաշտպանության ոլորտում առկա այլ մարտահրավերներին։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է մնալ 19 հայ գերի։ 2025-ի սեպտեմբերից՝ ադրբեջանական իշխանությունների որոշմամբ երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակումից հետո, որևէ միջազգային կառույց չի այցելել հայ գերիներին:
2025 թվականի հունվարին Բաքվում մեկնարկել էին Ադրբեջանում պահվող հայերի, այդ թվում՝ Արցախի երեք նախկին նախագահների և հինգ այլ ռազմաքաղաքական առաջնորդների նկատմամբ «դատական գործընթացները»։
Արցախի նախկին պետնախարարը Բաքվում դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման: Արցախի մյուս նախկին ղեկավարները դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատման հնարավորությունը։
Այսօր ավելի վաղ ԶԼՄ-ն հայտնել էր, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը շարունակում է բանակցություններն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Վարդանյանին ազատ արձակելու նպատակով
























