Քաղաքացիները, հասարակական ու քաղաքական գործիչներն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցին զուգահեռ ակցիաներ են իրականացրել Երևանում՝ առավոտյան ԱՄՆ դեսպանատան, երեկոյան՝ նախագահական նստավայրի դիմաց։ Ակցիայի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Նրանք ԱՄՆ փոխնախագահին դիմավորել են «ազատություն հայ պատանդներին» վանկարկումներով ու պաստառներով, որում թե՛ Բաքվում պահվող հայ գերիներն էին, թե՛ Հայաստանի կալանավայրերում պահվող հոգևորականներն ու քաղբանտարկյալները։ Վենսի այցը հսկվել էր նաև ինքնաթիռներով, հարյուրավոր ոստիկաններ պատ էին կազմել՝ թույլ չտալու ակցիայի մասնակիցների մուտքը նախագահի նստավայրի տարածք։
Ակցիայի մասնակիցները բարձրաձայնել են արցախահայության խախտված իրավունքների, հայ գերիների ու Հայաստանում քաղաքական հետապնդումների խնդիրների մասին։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը վստահություն է հայտնել, որ Վենսը տեղյակ է իրենց բարձրացրած խնդիրներից, բայց պահը պետք է օգտագործել։ Իր խոսքն ուղղելով Վենսին՝ Մամիջանյանը նշել է, որ Հայաստանը դարպաս է դեպի քրիստոնյա աշխարհ։
«Բաքվի բանտերում մարդիկ են տուժում միայն այն պատճառով, որ հայ են, միայն այն պատճառով, որ հրաժարվել են լքել իրենց հայրենիքը: Ես իսկապես հավատում եմ, որ ժողովրդավարության արժեքները և մարդու իրավունքների նվաստացումը ձեզ համար առաջնային նշանակություն ունեն: Ուստի խնդրում եմ միջազգային ճնշում գործադրել կենդանի բռնապետի վրա, որպեսզի նա ազատի մեր պատանդներին և տեղեկություններ տրամադրի անհետ կորածների մասին»,- հավելել է Մամիջանյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում ողջունել է Վենսի այցը՝ շեշտելով ՀՀ-ի անկախությունից ի վեր Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման մասին։
«Մենք գնահատում ենք այս ամբողջ աջակցությունը: Այժմ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի մեր հայրենակիցները դարձյալ ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունեն: Այսօր Բաքվի զնդաններում է պահվում առնվազն 19 հայ, ներառյալ` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Ադրբեջանը շինծու անտրամաբանական մեղադրանքներ է ներկայացրել, որը ծաղր է ոչ միայն մեր հայրենակիցների, այլև ամբողջ միջազգային հանրության նկատմամբ»,- ընդգծել է Խաչատրյանը։
Նա ԱՄՆ-ի աջակցությունն է խնդրել հայ գերիներին վերադարձնելու հարցում։
«Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ոչնչացնում է Արցախի ամբողջ պատմամշակութային ժառանգությունը, քրիստոնեական մշակութային ժառանգությունը, որը ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթի մաս է կազմում: Որպես քրիստոնեական արժեքներ դավանող անձ` կոչ ենք անում սանձել Ադրբեջանի բարբարոսությունը, այն վայրագությունները, որ նրանք իրականացնում են մեր վանքերի դեմ: Ակնհայտ է, որ սրանով ադրբեջանցիներն ուզում են ջնջել Արցախում հայկական հետքը»,- շեշտել է Խաչատրյանը։
Արցախցի Նարե Սիմոնյանը, իր խոսքն ուղղելով ԱՄՆ փոխնախագահին, նշել է, որ այստեղ են՝ բարձրաձայնելու արցախցիների իրավունքների մասին։
«Պարոն փոխնախագահ, հարյուր հազարավոր արցախցիներ վճարել են ձեր կեղծ խաղաղության, ձեր խաղաղության PR ակցիայի գինը։ Ունեցեք քաջություն նայելու այն մարդկանց աչքերին, ովքեր իրենց հայրենիքով, էթնիկ զտում, շրջափակում անցնելով և իրենց հարազատների կյանքով են վճարել ձեր խաղաղության PR ակցիայի համար»,- ասել է նա։
Նա նաև շեշտել է, որ տարիներ շարունակ մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպությունները չեն գործել հայ ժողովրդի, արցախցիների համար։
«Երկու տարի առաջ արցախցիներն անցան դժոխքի միջով, էթնիկ զտման ենթարկվեցին, նրանց ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվում վրեժխնդրության զոհեր են դարձել։ Քաջություն ունեցեք նայել այդ կեղծ խաղաղության իրական զոհերի աչքերին»,- հավելել է Սիմոնյանը։
Փետրվարի 9-ին՝ ավելի վաղ, Վենսի այցին ընդառաջ` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց «Համահայկական ճակատ» կուսակցությունն ակցիա էր իրականացրել՝ փորձելով ԱՄՆ պաշտոնյային դեսպանատան միջոցով նամակ հանձնել։
Վենսին ուղղված նամակում, բացի գերիների ազատ արձակման խնդրից, անհետ կորածների հարցով պահանջել էին ոչ թե հայտարարություններ, այլ կոնկրետ որոնողական աշխատանք։ Նամակն ստորագրել էին նաև անհետ կորածների և գերիների ծնողները։
ԱՄՆ դեսպանատանը, սակայն, հրաժարվել էին նամակն առձեռն վերցնել՝ դեսպանատան նոր ընթացակարգերի պատճառով։ Դեսպանատան աշխատակիցները հայտնել էին, որ կորոնավիրուսից հետո առձեռն նամակներ չեն ընդունվում և առաջարկել էին նամակն ուղարկել էլեկտրոնային հասցեով։
«Նամակը կուղարկվի ԱՄՆ փոխնախագահի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ նույն ձևակերպմամբ և նույն բովանդակությամբ»,- նշել էր կուսակցության անդամ Ռուզաննա Ստեփանյանը՝ հավելելով, սակայն, որ վստահ չէ, թե նամակները պետական մարմինների միջոցով կհասնեն հասցեատիրոջը։


























