Կիբեռզեղծարարությունից տուժած քաղաքացիները Քննչական կոմիտեից պահանջել են վերադարձնել կորցրած գումարները՝ որպես հանցագործության մասնակից։ Նախորդ անգամ նրանք ՔԿ-ի բակում էին նոյեմբերին։ Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, եկել էին հստակ պահանջով՝ կոնկրետ ժամկետ նշել, թե երբ են վերադարձնելու իրենց գումարները։
«Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը հայտարարել է, որ մինչև աշխատանքային օրվա ավարտը կմնան նստացույցի, քանի որ ՀԿԳ քննության գլխավարությամբ կիբեռհանցագործության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործության քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանի հետ հանդիպումն արդյունք չի տվել։ ՔԿ-ն նշել է, որ գումարները կտան, սակայն ժամկետներ չի նշել, ինչը չի համապատասխանում իրենց պահանջին։
«Օտարերկրյա հանցավոր կազմակերպությունների կողմից հարձակում է եղել Հայաստանի քաղաքացիների վրա, որի հետևանքով քաղաքացիները վնասներ են կրել և տուժել են։ Այս դեպքում պետությունն ունի պատասխանատվություն, և պարտավոր էր կանխարգելել այս հանցագործությունները, չեն կանխարգելել, ինչը համակարգային ձախողման հետևանք է, և դրա համար նրանք պետք է կրեն պարտադիր պատասխանատվություն՝ իբրև փոխհատուցում, պետք է տրամադրվեն այդ գումարները»,- հայտարարել է նա։
Կարագյոզյանի խոսքով՝ նմանատիպ նստացույցերն ու հավաքները կկրկնվեն այնքան ժամանակ, մինչև որ ՔԿ-ն նշի ժամկետներ։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ բացահայտել է այս տարի միջազգային կապեր ունեցող չորրորդ կիբեռհանցագործության «զանգերի կենտրոնը»։ Կառույցը հոկտեմբերի 30-ին զգուշացրել էր անձանց մասին, որոնք 5000 դրամի դիմաց պատրաստ են վաճառել իրենց բջջային հեռախոսահամարով ակտիվացրած հաղորդագրությունների հավելվածները։ ՆԳՆ-ից հորդորել էին քաղաքացիներին զերծ մնալ իրենց բջջային հեռախոսահամարներով կամ ուրիշների համար այլ հեռախոսահամարներով էջեր բացելուց։
Նոյեմբերի 10-ին ՆԳՆ-ն զգուշացրել էր HelloBit(y) ֆինանսական բուրգի սխեմայի ռիսկերի մասին և կոչ արել զերծ մնալ նման ռեսուրսներում «ներդրումներ» կատարելուց։
Կարդացեք նաև՝
«Շատ լավ պատրաստված են». մեդիափորձագետը՝ հայ օգտատերերի վրա հարձակումների նոր ալիքի մասին
HelloBit-ից ու զեղծարարություններից տուժածները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին




































