Արցախցիների վերադարձի իրավունքը շարունակում է մնալ միջազգային օրակարգում, որի վերաբերյալ երկու կարևոր զարգացում է տեղի ունեցել, հայտնել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Նրա խոսքով՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից երկու տարի անց վերադարձի հարցը շարունակում է ստանալ անժխտելի միջազգային ընդգրկում։ Օսկանյանը մանրամասնել է, որ Վաշինգտոնում Պետդեպարտամենտն արձանագրել է առաջընթաց՝ ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար կարգավորման հիմքում ընկած երեք առաջնահերթություն` Արցախի հայերի հայրենադարձության իրավունքը, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը և հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պաշտպանությունը։
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնն այսօր X հարթակում հայտնել է, որ Պետդեպարտամենտը, արձագանքելով մի քանի շաբաթ առաջ մոտ 90 կոնգրեսականնի կողմից ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված նամակին, պարտավորվել է հետամուտ լինել այս խնդիրների լուծմանը։
«Շրջադարձն արդյունք է ԱՄՆ Հայ ազգային կոմիտեի, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի, ինչպես նաև ամերիկահայերի ու նրանց դաշնակիցների համառ ջանքերի։ Բաքվի ժխտումների և Երևանի լռության ֆոնին ԱՄՆ-ն այժմ պաշտոնապես արտահայտվել է։ Այլևս խոսքն այդ սկզբունքների ճանաչման մասին չէ, այլ դրանց իրագործման»,- նշել է Օսկանյանը։
Նա հավելել է, որ Ժնևում՝ Շվեյցարիայի ազգային խորհրդի երկու անդամ՝ Էրիխ Ֆոնտոբելը և Նիկոլա Վալդերը, մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի տարեկան նիստի շրջանակում կազմակերպված հարակից միջոցառման, որը նույնպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի աջակցությամբ էր, ու նպատակ ուներ առաջ մղել շվեյցարական խաղաղարար նախաձեռնությունը։
Նրա խոսքով՝ խորհրդարանական մանդատով Շվեյցարիան այժմ պարտավոր է կազմակերպել խաղաղության ֆորում Ադրբեջանի և Արցախի ժողովրդի ներկայացուցիչների միջև՝ հստակ նպատակ ունենալով բանակցել տեղահանված հայերի հավաքական ու անվտանգ վերադարձի շուրջ։ Նրանց միացել էին Արցախի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և միջազգային ճանաչում ունեցող իրավաբան, Վաշինգտոնում տեղակայված Միջազգային հանրային իրավունքի և քաղաքականության խմբի (PILPG) նախագահ դոկտոր Փոլ Ուիլյամսը։ Նրանց ուղերձը հստակ էր․ Արցախի ժողովրդի իրավունքները, այլ ոչ թե աշխարհաքաղաքական շահերը պետք է լինեն ցանկացած կարգավորման հիմքում։
Նա հիշեցրել է, որ Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին ապահովել տեղահանված հայերի անվտանգ վերադարձը։ Եվրոպական խորհրդարանը երկու բանաձև էր ընդունել՝ վերահաստատելով նույն սկզբունքը։
«Այս բոլոր որոշումներն ու բանաձևերը միասին վկայում են հստակ միտման մասին․ վերադարձի իրավունքն այլևս միայն հայրենազուրկ ժողովրդի պահանջը չէ, այն միջազգային հանրության կամքն է»,- նշել է նախկին արտգործնախարարը։
Օսկանյանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանն ամբողջությամբ մերժում է սա, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրել է այս հարցը լիովին անտեսելու ուղին՝ նախընտրելով փակել Արցախի էջը, քան պաշտպանել իր ժողովրդի իրավունքները։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։

























