Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնավարման ժամկետը լրացել էր մայիսի 21-ին և, ըստ Սահմանադրության, նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը, ասվում է Արցախի Ազգային ժողովի 4 խմբակցությունների տարածած հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրել են «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները։
Նշվում է, որ Արցախի Հանրապետության պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումն այն իրականացնում է ԱԺ նախագահը։
Արցախի խորհրդարանի խմբակցությունները շեշտել են, որ հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն առայժմ չեն կայացել՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով՝ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան, Արցախի օկուպացիան և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը։
Պատճառների մեջ նշվում է նաև Հայաստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշումները՝ արցախյան հակամարտության կարգավորման և Արցախի պետական ինստիտուտների գործունեության մասին, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։
Ըստ հայտարարության՝ նաև տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրը և դրանից բխող մարտահրավերներն ու սպառնալիքներն են խոչընդոտել նախագահական ընտրություններին։
Մայիսի 21-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանի նախագահ էր ընտրվել «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը։ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն Armenia Today-ին մանրամասնել էր, որ մայիսի 21-ին լրացել է Արցախի նախագահի լիազորությունների ժամկետը, և նոր ընտրությունների անհնարինության պայմաններում նախագահի պարտականությունները, լիազորությունները փոխանցվում են ԱԺ նախագահին։