Արցախցիներին օգնող հիմնադրամների անվան տակ քողարկված հանցավոր մեխանիզմ է գործում, հայտնել է ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ավագ օպերլիազոր Վաղինակ Մինասյանը:
Ըստ նրա՝ մեխանիզմը ենթադրում է ֆիշինգային կեղծ հղում, որտեղ լրացվում են բանկային քարտի բոլոր տվյալները, ինչի հետևանքով հանցագործները հասանելիություն են ստանում քաղաքացիների ֆինանսական միջոցներին։
«Նշված հանցավոր մեխանիզմը տարածված է սոցիալական ցանցերում և առավել հաճախ գովազդի տեսքով հանդիպում է ֆեյսբուք սոցիալական ցանցում, որտեղ առաջարկվում է անցնել գովազդում նշված հղումով և լրացնել բանկային քարտի տվյալները՝ ներառյալ բանկային քարտի հակառակ կողմում առկա CVV կոդը»,- նշել է Մինասյանը։
Նա հորդորել է սոցիալական ցանցերում լինել առավել զգոն, խուսափել կեղծ բարեգործական հիմնադրամներից առաջարկվող ֆինանսական աջակցություններից հատկապես, երբ հիշյալ «աջակցությունը» ենթադրում է նաև բանկային քարտի տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրում։
«Հորդորում ենք նաև մարկարկիտ ուսումնասիրել ցանկացած առցանց բանկային գործարք և ուշադիր լինել բանկային գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակումից»,- ասել է ոստիկանության ավագ օպերլիազորը:






































