Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը, հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Ծրագրի շրջանակում, այս պահի դրությամբ, հավաստագիր է ստացել 3947 ընտանիք, որից 3687-ն արդեն իրացրել է հավաստագիրը, նշել են նախարարությունից։
Տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական տունը։ Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում պետությունը հավաստագրի միջոցով իրականացնում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում։
Կառավարությունն ավելի վաղ ընդունել էր նաև Արցախից տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագիր։ Armenia Today-ն ուսումնասիրել էր ծրագիրը և պատրաստել կարճ ուղեցույց, որը կօգնի արցախցի մեր հայրենակիցներին ծանոթանալ ծրագրի պայմաններին։




































