Իշխանությունն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հնարավոր երկու փոխարինողի է դիտարկում, որոնք են ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ այսպիսով գործող իշխանությունը կարող է ապահովել իր պատկերացրած նոր ազատ դաշտն ու վերաբաշխված ազդեցությունը Հայ Առաքելական եկեղեցում՝ կաթողիկոսի լիազորությունների ավարտից հետո։
Թերթի տեղեկություններով՝ իշխանությունների գործողությունների հաջորդ քայլերը կարող են լինել Գարեգին Երկրորդի հնարավոր տնային կալանք կամ մեկուսացում, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորում և վերջում՝ կաթողիկոսի կողմից սոցիալական ցանցում հրապարակվելիք հրաժարականի նամակ՝ մեկուսի պայմաններից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին հանդիպել էր եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ, որոնք նախկինում, ըստ իշխանական լրատվամիջոցների, ստորագրել էին Մայր Աթոռի դիվանապետին դատապարտող հայտարարություն: Հանդիպմանը մասնակցել էին արքեպիսկոպոսներ Աբրահամ Մկրտչյանը, Առաքել Քարամյանը,Վազգեն Միրզախանյանը, եպիկոպոսներ Անուշավան Ժամկոչյանը, Վրթանես Աբրահամյանը, Նավասարդ Կճոյանը, Առաքել Տիգրանյանը, Գևորգ Սարոյանը։
Եպիսկոպոսները կոչ էին արել «մաքրել եկեղեցին սրբապիղծ հոգևորականից» և «խստագույնս դատապարտել» կաթողիկոսի դիրքորոշումը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել էր, որ եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։




































