«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները նոյեմբերի 26-ին աշխատանքային այց են կատարել Ստեփանավան, որտեղ պաշտոնապես բացվել է տարածքային գրասենյակը, հայտնում է շարժման մամուլի ծառայությունը։
Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը նշել է քաղաքային համայնքներում արտադրամասերի, գյուղերում՝ մթերման կայանների և բերքի գնի ֆիքսման անհրաժեշտությունը։ Նա նաև շեշտել է, որ «Մեր ձևով»-ը նպատակ ունի փոխել քաղաքացիների կյանքի որակը։
«Եթե պետք է ձեր կյանքում բան չփոխենք, գնանք մեր գործերով։ Պետք է մի բան փոխել։ Իշխանության մեջ մի բան չկա, որ մենք չունենք այս պահին»,- ասել է նա։
Շարժման անդամները շրջել են նաև Գյուլագարակ և Ագարակ համայնքներում։ Գյուլագարակակում նրանք գյուղի բնակիչներին են ներկայացրել շարժման կողմից առաջարկվող՝ հանրապետության մարզային համայնքների և գյուղական բնակավայրերի զարգացման տեսլականը, տեղի է ունեցել մտքերի փոխանակում բնակավայրի գյուղատնտեսական և տուրիստական մեծ պոտենցիալը լավագույնս օգտագործելու հնարավորությունների մասին։
«Մեր ձևով» շարժումը հիմնադրվել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կողմից, ով հունիսից գտնվում է կալանքի տակ: Նարեկ Կարապետյանի խոսքով՝ նախնական շրջանում շարժումը լինելու է ապաքաղաքական, իսկ ոչ քաղաքական ձևաչափով փորձագիտական գնահատականների հավաքման գործընթացի ավարտից հետո շարժումը պետք է անցնի քաղաքական փուլ:
Կարդացեք նաև՝
«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը
«Բեկումնային պահ քաղաքի համար». Գյումրիում բացվել է «Մեր ձևով» շարժման գրասենյակը
























