ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գլխավոր հետախուզական վարչության կազմում նախատեսվում է ստեղծել արտաքին հակահետախուզության ստորաբաժանում, հայտարարել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ։ Նիստն ուղիղ եթերով հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
Ըստ նախագծի՝ նոր ստորաբաժանումն ապահովելու է նաև արտերկրում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը: Հետախուզության և հակահետախուզության համագործակցության կարգը կհաստատի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բացի այդ, առաջարկվում է ԱԱԾ-ին հասանելիություն տրամադրել պետական տեղեկատվական համակարգերին և տվյալների բազաներին՝ վերապահված գործառույթներն իրականացնելու համար։
Մկրտչյանի ներկայացմամբ՝ նախատեսվում է ԱԱԾ արտաքին հետախուզության ստորաբաժանման լիազորությունների դադարեցում 2026 թվականի հունվարից։ Իշխանություններն անհրաժեշտ են համարում նախապես իրականացնել իրավական և կազմակերպչական վերափոխումներ՝ ապահովելու արտաքին հակահետախուզության շարունակական աշխատանքը և գործառույթների ու կադրերի վերաբաշխումը:
Նա նշել է, որ ազգային անվտանգության մարմինների ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները կհամապատասխանեցվեն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներին: ԱԱԾ-ում կադրային համալրման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մասնագիտական հատուկ գիտելիքներ, հմտություններ և ունակություններ պահանջող պաշտոններում ծառայության ընդունվելու հնարավորություն կնախատեսվի 30-ից բարձր տարիք ունեցող անձանց համար:
Հանձնաժողովը հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:
Արտաքին հետախուզության ծառայություն ստեղծելու որոշումը կայացվել էր 2022 թվականի դեկտեմբերին։ Արտաքին հետախուզական ծառայության պետ էր նշանակվել Քրիստինե Գրիգորյանը։





































