ՀՀ և Ադրնեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ կայացել են երկու պետությունների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ Հայաստանի և Ադրբեջանի տարածք, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման և դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով:
Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հաջորդ հանդիպման կազմակերպման շուրջ:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն օգոստոսի 8-ին Սպիտակ տանն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կողմից։




































