Վրաստանի 64 շրջաններում, այդ թվում՝ 5 քաղաքներում, հոկտեմբերի 4-ին տեղի են ունեցել քաղաքապետերի և տեղական խորհրդատվական մարմինների՝ սակրեբուլոյի անդամների ընտրություններ, որից հետո սկսվել են ցույցեր: Դրանք վերածվել են բախումների ոստիկանության հետ: Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ Օրբելիանիի նախագահական նստավայրի բախումների հետևանքով հոսպիտալացվել են 21 ոստիկան և 6 ցուցարար։
Ցուցարարները հավաքվել են Ազատության հրապարակում՝ պահանջելով կառավարության հրաժարականը և իշխանության խաղաղ փոխանցումն ընդդիմադիրներին։
Չստանալով պատասխան՝ որոշ ցուցարարներ փորձել են ներխուժել նախագահական նստավայր, և ոստիկանությունը նրանց նկատմամբ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։ Ի պատասխան՝ ցուցարարները ոստիկանների վրա քարեր և հրավառ նյութեր են նետել։
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 5-ին, ընտրությունների նախնական արդյունքները հրապարակելուց հետո ցույցերը շարունակվել են: Վրացագետ Ջոնի Մելիքյանի խոսքով՝ Վրաստանի մի շարք ընդդիմադիր ուժեր, որոնք բոյկոտել էին ՏԻՄ ընտրությունները և հետագայում դրանց արդյունքները, մեղադրում են իշխող ուժին դրանք կեղծելու մեջ։
«Ընդդիմության սխալ հաշվարկները, առաջին հերթին, (Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ-AT) Սաակաշվիլու կուսակցության, արդեն այսօր բերեցին մի վիճակի, երբ արժեզրկվել է ընդդիմադիր դաշտը։ Որոշները, ովքեր Սաակաշվիլու կուսակցությունից դուրս եկան, դեռևս ունեն ապագա և կարող են հաջորդ՝ 2028 թվականի խորհրդարանական ընտրություններին հավակնել, որ կարող են մուտք գործել պառլամենտ»,- նշել է նա։
Մայրաքաղաք Թբիլիսիում արձանագրվել են զգալի նյութական վնասներ։ Ցույցերի կազմակերպչական կոմիտեի բոլոր հինգ անդամները ձերբակալվել են։ Մելիքյանը նկատել է՝ Վրաստանում նոր չեն նմանատիպ միջադեպերը՝ այս կամ այն մասշտաբի։
«Սա Վրաստանի համար նորություն չէ, վերջին տարիներին նմանատիպ դեպքեր են տեղի ունեցել, որ թե՛ ոստիկաններ, թե՛ բողոքի մասնակիցներ են տուժել, բայց հստակ է, որ այսօր ընդդիմությունը շանս չունի։ Եվ ինչու չէ, այն ընտրողները, որոնք մեկ տարի առաջ իրենց ձայն էին տվել, քննադատելով այս իշխանությանը, այսօր տեսնում են, որ իրենց ձայները փոշիացվեցին»,- նշել է նա։
Մելիքյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ցույցերն ու բողոքի ակցիաները Վրաստանում չեն դադարել անցած տարվա հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո։
«Մոտավորապես 315 օր, ըստ ընդդիմության, բողոքի ցույցեր են անցկացրել։ Ուստի որոշ քաղաքական ուժեր բոյկոտեցին այս ընտրությունները, ինչպես բոյկոտեցին նորընտիր խորհրդարանը։ Մյուս կողմից՝ կային քաղաքական ուժեր, որոնք մասնակցեցին այս ընտրություններին և այսօր որոշ արդյուներ գրանցել են»,- նշել է նա։
Վրաստանի իշխանություններն օտարերկրյա հետախուզական ծառայություններին մեղադրել են երկրում անկայուն վիճակ ստեղծելու մեջ։ Վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է, որ որոշ անձինք, այդ թվում՝ օտարերկրացիներ և դիվանագետներ, ինչպես նաև մի քանի կառույցի ներկայացուցիչներ, «ուղղակիորեն աջակցել են սահմանադրական կարգի տապալման փորձին»։
Վրացագետը Վրաստանի իշխանություններին անվանել է «եվրասկեպտիկներ»՝ իրենց վրա վերջին շրջանում գործադրած ճնշումների պատճառով։
«Հենց Արևմուտքի շահերից էր, որ Վրաստանի հետ պահպանեին հարաբերություններն այնպես, որ ժողովրդավարական գործընթացների վրա այդ ամենը չազդեր։ Բայց տեսնում ենք, որ ընդդիմությունը, Արևմուտքի հետ միասին, բերեցին մի իրավիճակի, երբ կա շատ լուրջ, խորը ճգնաժամ Թբիլիսիի և Բրյուսելի, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում»,- նշել է փորձագետը։
«Վրացական երազանքը» հաղթել է բոլոր քաղաքներում, ներառյալ՝ մայրաքաղաքում: Գործող քաղաքապետ ու իշխող ուժի թեկնածու Կախա Կալաձեն հավաքել է ձայների ավելի քան 70 տոկոսը:
Արաքսյա Սնխչյան



































