«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, ԱԺ-ում լրագրողներին ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Ըստ նրա՝ ո՛չ խաղաղության պայմանագրում, ո՛չ Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի մեջ միջանցքի մասին խոսք չկա։
«Խոսքը ճանապարհի մասին է»,- նշել է նա։
Հարցին, թե ինչի՞ է պատրաստ Իրանը, եթե միջանցք տրամադրվի, դեսպանը կրկնել է, որ ոչ մի միջանցք և պարտադրաբար ոչինչ չի լինելու։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը սեպտեմբերի 2-ին նշել էր, որ Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագրին, բայց, միևնույն ժամանակ, դեմ է Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։
Օգոստոսի 29-ին Իրանի խորհրդարանում հրապարակվել էր ավելի քան 150 պատգամավորի կողմից համատեղ հայտարարություն Հարավային Կովկասի տարածաշրջանի ռազմավարական նշանակության և Իրանի հյուսիսարևմտյան սահմաններում ռիսկային նախագծերի դեմ հանդես գալու վերաբերյալ, որտեղ անհամաձայնություն էին հայտնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման գաղափարին և տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխության։






































