Զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ այսօր ժամը 13։45-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԲԴԽ կազմի և դատարանների նախագահների, այդ թվում՝ քրեական մասնագիտացման դատարանների նախագահների հետ։
Լրագրողները ԲԴԽ անդամներին տեսանկարահանել են ՀՀ կառավարության շենք մուտք գործելիս։ Նրանք հաստատել են, որ գնում են Փաշինյանի հետ հանդիպման, սակայն ասել են, որ տեղյակ չեն, թե ինչ օրակարգով է լինելու հանդիպումը։ Լրագրողների հարցին, թե արդյոք այս հանդիպումը կապվա՞ծ է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի օրերս կատարած հայտարարության հետ, խորհրդի անդամները նույնպես չգիտեն։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը իր գործընկերներին կոչ էր արել․
«1) ձեր առաքելությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես սահմանադրությամբ և օրենքներով, արդարադատությունն իրականացնել ձեր իրավասության բարձր գիտակցությամբ և դատական իշխանության հեղինակության մասին մտահոգ լինելով,
2) հավատարիմ մնալ ժողովրդի առջև ձեր տված երդմանը և զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից և ազդեցություններից,
3) որևէ մեկը թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական հասարակության որևէ օղակից չի կարող միջամտել կամ ներգործել ձեր իրավասութունների դաշտ: Ցանկացած նման միջամտություն կհանդիպի անձամբ իմ կոշտ դիմադրությանը, և նման դեպքերը կդառնան քննության առարկա քրեադատավարական կանոններով»: