Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) չի հատում ՀՀ խորհրդարան անցնելու անհրաժեշտ 4%-ի շեմը, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը։
Հովակիմյանը, պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ինչու են փոխվել կուսակցության տվյալները հայտարարելուց րոպեներ առաջ, պարզաբանեց, որ նախնական արդյունքների համաձայն՝ ԲՀԿ-ն գերազանցել էր շեմը, քանի որ համակարգը կլորացրել էր նրա արդյունքները։
Բացի այդ, ըստ Հովակիմյանի, արդյունքների մեջ չէին ներառված էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ Տվյալների վերջնական պատկերի վրա ազդեցություն են ունեցել նաև Էլեկտրոնային քվեարկության արդյունքների ներառումը։
Նա չի բացառել, որ ձայների վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոփոխվել։ Հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ ԲՀԿ-ն մոտ է ընտրական շեմին, և վերջնական արդյունքները ձայների վերահաշվարկից հետո պարզ կդառնան։
Armenia Today-ի հարցին, թե ինչպես են չեզոքացնելու վերահաշվարկի ժամանակ հնարավոր ռիսկերը, Հովակիմյանն ասաց, որ քաղաքացիները կարող են առցանց հետևել, լրագրողները գնալ այդ ընտրատարածքներ ու վերահսկել, քաղաքական ուժերի վստահված անձերը կարող են գնալ այնտեղ ու ներկա լինել ամբողջ պրոցեսին, վերահսկել, դիտորդները՝ այդ թվում տեղական, միջազգային, բոլորը այնտեղ լինելու են։
«Հորդորում եմ, որ քաղաքական ուժերն իրենց վստահված անձերին անպայման ուղարկեն, որ մեկական վստահված անձ ընտրատարածքներում վերահաշվարկի ժամանակ ունենան»,- շեշտեց նա։
ՀՀ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հունիսի 7-ին՝ ժամը 8:00-ից մինչև 20:00-ը: Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք, որոնց քվեարկելու իրավունք ունի 2 505 102 քաղաքացի: Գործընթացին հետևում է 13 տեղական և 8 միջազգային առաքելություններ, ինչպես նաև դիվանագիտական առաքելությունների և օտարերկրյա ընտրական մարմինների ներկայացուցիչներ:
1758 ընտրատեղամասում տեղադրվել են տեսախցիկներ, իսկ էլեկտրոնային ընտրողների գրանցման համար օգտագործվում է 4000 տեխնիկական սարք:




































