«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանի երկրների՝ Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը։
Կարապետյանը շեշտել է, որ իրենց քաղաքական ուժը նախատեսում է կառուցողական երկխոսություն հաստատել տարածաշրջանային բոլոր դերակատարների հետ՝ մեկնաբանելով այն պնդումները, թե «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի թիմը մտադիր է վարել բացառապես ռուսամետ քաղաքականություն։
«Տարածաշրջանային բոլոր երկրների հետ պետք է ունենալ բարիդրացիական հարաբերություններ»,- ընդգծել է Կարապետյանը:
Նա մեկնաբանել է, որ լինելով տարածաշրջանի ամենափոքր երկիրը, Հայաստանը պետք է ձգտի համերաշխության, այլ ոչ թե շարժվի հակադրությունների ճանապարհով:
Ինչո՞ւ ենք հակադրությունների ճանապարհով գնում, ոչ թե համերաշխության ճանապարհով»,- հարցադրել է նա:
Կարապետյանը նշել է, որ հարաբերությունների ամրապնդումը տարբեր երկրների հետ Հայաստանի գոյության կարևոր նախապայմանն է։
Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններին, Կարապետյանը տարանջատել է այդ երկու ուղղությունը։
«Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացման համար Թուրքիայի հետ սահմանի բացումը կարևոր է, Ադրբեջանի հետ ունենք հարցեր՝ մեր հայրենակիցների տուն վերադարձի իրավունքը, մեր գերիների վերադարձը»,- հավելել է նա:
Փետրվարի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ստացել էին 2026 թվականի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։ Հաջորդ օրը Բաքվի «դատարանը» կեղծ և շինծու մեղադրանքներով ցմահ կամ տասնյակ տարիների ազատազրկման էր դատապարտել Արցախի նախկին առաջնորդներին ու այլ գերիների։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դեռ դատավճիռ չի հրապարակվել։





































