Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, Armenia Today-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Բողոքի հայտագրում, ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ, խորը վրդովմունք է արտահայտվել պետական մեդիահոլդինգի մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ:
«Ընդգծվել է, որ դրանք ՀՀ ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»,- նշել է Բադալյանը:
Ավելի ուշ Երևանում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունից ՏԱՍՍ-ին հաստատել են, որ ՌԴ դեսպանն կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է ներկայացվել։
«Այո, այդպես է, մենք հաստատում ենք։ Դեսպանը կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Նրան բողոքի նոտա է ներկայացվել։ Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները կփոխանցվեն ՌԴ արտաքին գործերի նախարարությանը», - գործակալությանը հայտնել են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը։
Ռուս հաղորդավար, լրագրող Վլադիմիր Սոլովյովն իր հեղինակային «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ընթացքում հայտարարել էր, թե «Հայաստանը կորցնելը չի բխում Ռուսաստանի շահերից, և Ռուսաստանը միայն Ուկրաինայում չէ, որ պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի, այլև Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում՝ թքած ունենալով միջազգային իրավունքի վրա»։
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն արձագանքելով Սոլովյովի խոսքերին՝ հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը կլինի ու կմնա ինքնիշխան, «մեր բարեկամներին ու հարևաններին հարգում ենք, բայց մեզանից շատ չենք հարգում»։
ԱԺ փոխխոսնակ, Հայաստան-Թուրքիաա հարաբերությունների կարգավավորման գործընթացում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը նույնպես մեկնաբանել էր Սոլովյովի խոսքերը՝ ասելով «շունը հաչում է, քարավանը` գնում: Շունն այս դեպքում ռուսաստանցի բիզնեսմեն Սամվել Կարապետյանի մտերիմ ընկեր և հայրենակից Սոլովյովն է, իսկ քարավանը` մեր սիրելի երկիրը, որը գնում է դեպի անշրջելի խաղաղություն և զարգացում»։


























