ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ստորագրել են երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր։
Հռչակագրի ստորագրումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը Գերմանիա կատարած իր այցն անվանել է պատմական և նշել, որ երկու երկրների միջև հարաբերությունները մտնում են ռազմավարական գործընկերության փուլ։ Նրա խոսքով՝ ինքը և Գերմանիայի կանցլերը նշել են երկրների միջև հարաբերությունների հետևողական զարգացումը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային և բնապահպանական։
Փաշինյանը հայտնել է, որ կանցլերի հետ քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման համատեղ միջոցառումները։
«Մեծ հույս ունեմ, որ Հայաստանում և Հայաստանի շուրջ ստեղծված բարենպաստ միջավայրը նոր հետաքրքրություն կառաջացնի գերմանացի գործարարների շրջանում՝ մեր երկրում ներդրումներ կատարելու, ինչպես նաև հայաստանյան գործարարների հետ համագործակցությունն ակտիվացնելու համար»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ գերմանացի գործընկերոջը ներկայացրել է վաշինգտոնյան համաձայնագրերից հետո տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված բացվող լայն հնարավորությունները։ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերը կդառնան «Միջին միջանցքի» կարևոր հանգույց, որը նույնպես մեծ նշանակություն ունի Գերմանիայի համար։
Վարչապետը նաև հույս է հայտնել, որ հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանակներում հայ-թուրքական սահմանն, ի վերջո, կվերաբացվի, ինչը, նրա խոսքով, կնշանակի Հայաստանի անմիջական կապը ԵՄ-ի հետ։
«Համակարծիք էինք, որ աննախադեպ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, երբ ժողովրդավարությունները բախվում են արագ տարածվող և հաճախ հիբրիդային բնույթ ունեցող սպառնալիքների հետ, միայն համախոհ երկրների՝ առավել համակարգված և արդյունավետ գործողությունների շնորհիվ կարող ենք ամրապնդել մեր հավաքական ժողովրդավարական դիմակայունությունը»,- ասել է Փաշինյանը:
Պատասխանելով 2026 թվականին Հայաստանում կայանալիք ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին հարցին՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները «ժողովրդավարական դիմադրողականության բարձրացումը» և «ժողովրդի հետ ակտիվ երկխոսությունը, իրենց գաղափարներն ու ծրագրերը ակտիվ ներկայացնելը» համարում են տեղեկատվական և այլ սպառնալիքներին դիմակայելու հիմնական գործիքներ։
Իր հերթին՝ Գերմանիայի կանցլերը նշել է, որ Բեռլինը հետաքրքրված է Հայաստանը Եվրոպային մոտեցնելով։ Մերցի խոսքով՝ կողմերը համաձայնությունների են հասել կոնկրետ նախագծերի շուրջ. մասնավորապես, Գերմանիան կօգնի Հայաստանին էներգամատակարարման մի շարք նախագծերում և այս ոլորտում ավելի մեծ անկախության հասնելու հարցում։
Ընդգծելով, որ 2026 թվականի հունիսին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական զարգացման մաս են կազմում, Մերցը հայտարարել է, որ «ժողովրդավարության թշնամիները հիբրիդային եղանակով միջոցներ են ձեռնարկում, հատկապես՝ Ռուսաստանը փորձում է ինչ-որ վախեր սերմանել Եվրամիության և արևմուտքի հետ սերտացման, հարաբերությունների մերձեցման մասին և սխալ տեղեկություններ տարածել Եվրամիության արժեքների մասին»։
Կանցլերի խոսքով՝ այս համատեքստում նա իր հայ գործընկերոջ հետ քննարկել է, թե ինչպես կարող է Գերմանիան նպաստել Հայաստանի դիմադրողականությանը։ Մասնավորապես, Բեռլինը ցանկանում է օգնել ինքնիշխանության և անվտանգության ամրապնդման հարցերում։
Մերցը Վաշինգտոնի համաձայնագրերն անվանել է «շատ դրական ազդակ», որը կարևոր է Հարավային Կովկասում «բարեկեցության, խաղաղության և զարգացման» համար։ Նա կոչ է արել կողմերին ձեռնարկել հաջորդ քայլերը և լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև մնացած խնդիրները՝ հավելելով, որ Գերմանիան կշարունակի օգնել նրանց այս հարցում։ Նա հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը լայն հնարավորություններ է բացում ԵՄ-ի հետ համագործակցության համար, և Գերմանիան ցանկանում է խորացնել Երևանի հարաբերությունները դաշինքի հետ։
Մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետը նաև հայտարարել է, որ Մերցին հրավիրել է մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում 2026 թվականի մայիսին: Գերմանիայի կանցլերն, իր հերթին, հայտնել է, որ, հավանաբար, շուտով կայցելի Հայաստան՝ գագաթնաժողովին մասնակցելու համար:
Դեկտեմբերի 2-ին ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում ստորագրվել էր «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը։ Նոյեմբերի 28-ին ԱԺ-ն ընդունել էր «ՀՀ և ԵՄ միջև ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որի շրջանակում ՀՀ-ից ԵՄ նաև զինված առաքելություն ուղարկելու հարցն է։

























