Լոռու մարզի Մեծավան գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած միջադեպից հետո «Ուժեղ Հայաստան» դաշինքի 10 կողմնակցից ևս 3-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։
Բոլոր 10 աջակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Տնային կալանքների մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ չհստակեցնելով նրանց ինքնությունը։
Ավելի վաղ իրենց կողմնակիցների ձերբակալության մասին հայտնել էր «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը։ Նրա խոսքով՝ քաղաքական դրդապատճառներով, ընդհանուր առմամբ, ձերբակալվածների կամ բերման ենթարկվածների թիվը հասնում է 300-ի։
Մեկնաբանելով Տաշիրում տեղի ունեցած միջադեպը՝ Մելոյանն ընդգծել էր, որ քաղաքական ուժի կողմնակիցներն իրականացրել են խաղաղ ակցիա և ենթարկվել «Քաղաքացիական պայմանագրի» կողմից հրահրված սադրանքի։
Դաշինքի քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը մայիսի 16-ին նույնպես քննադատել էր ուժային կառույցների և անձամբ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գործողությունները։ Պապիկյանը գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագրի» ավտոշարասյունը, որը փորձել էր ճեղքել «Ուժեղ Հայաստան»-ի կողմնակիցների շղթան։
Կարապետյանը հայտարարել էր, որ ցավում է Պապիկյանի վարքագծի համար։ Ի պատասխան Կարապետյանի հայտարարությունների՝ Պապիկյանն «Ուժեղ Հայաստան»-ին մեղադրել էր միտումնավոր սադրանքի մեջ և, իր հերթին, սպառնացել՝ հայտարարելով. «Նման դեպքերի կրկնության պարագայում շարունակելու ենք տրորելով անցնել ձեր վրայով»։
Armenia Today-ը հրապարակել էր միջադեպի տեսանյութը։ Հրապարակված կադրերից երևում էր, թե ինչպես են դրոշներով «Ուժեղ Հայաստան»-ի կողմնակիցները վանկարկում՝ «Սամվել Կարապետյան, վարչապե՛տ»։ Այնուհետև դեպքի վայր էր ժամանել ՔՊ-ի կողմնակիցների ավտոշարասյունը։ Մի քանի պտույտ կատարելուց հետո մեքենաներն ուղղվել էին դեպի դաշինքի կողմնակիցներ և փորձել էին ճեղքել նրանց շղթան։
Դրանից հետո Պապիկյանը դիմել էր ոստիկանությանը՝ կարգուկանոնը վերականգնելու պահանջով, ինչից հետո իշխող ուժի կողմնակիցների շարասյունը կրկին շարժվել էր դեպի Կարապետյանի կողմնակիցներ և, բախվելով նրանց հետ, ճեղքում շարքերը։
Մայիսի 18-ին ՔԿ-ից Armenia Today-ին հայտնել էին 10 ձերբակալվածի մասին, որոնցից 6-ի նկատմամբ կիրառվել էր կալանք, մեկի նկատմամբ՝ տնային կալանք, 3-ի մասով երեկ դեռ դատական նիստ չէր կայացել։


























