ՀՀ-ում դատական վերահսկողության ու իրական արդարադատության բացակայության պատճառով ԴԱՀԿ-ն քաղաքացու հաշիվների վրա արգելանքներ է դնում, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա պնդմամբ՝ համակարգի թվային տարբերակը թերի է գործում, և հաճախ էլեկտրոնային համակարգով բանկային հաշիվների վրա դրված արգելանքները վճարելուց հետո չեն վերանում և գանձումները շարունակվում են։ Այդ սխալմունքը բարձրաձայնելու և գումարը հետ ստանալու համար քաղաքացին անցնում է «նվաստացման պրոցեսներով», պատմել է նա։
«ՀՀ-ում ոչ թե մարդն է կենտրոնական արժեք, այլ շարունակում է մնալ «տուգանքի մատերիալ», մարդուն տուգանում են, եղածը բռնագանձում են, գույքը խլում, և պետություն չկա, որ այդ մարդուն պաշտպանի, պետություն չկա, որ իր քաղաքացու կողքը կանգնի»,- շեշտել է նա։
Մարուքյանը նշել է, որ բազմաթիվ են դեպքերը, երբ մարդու գույքը 5000 դրամի պատճառով արգելանքների տակ է։
«Այս համակարգն ամբողջությամբ պետք է փոխել, ոչ թե բարեփոխել։ Հիշո՞ւմ եք Վրաստանում, երբ Սաակաշվիլին եկավ իշխանության, մեկ օրում պարեկային ծառայությունը լուծարեց, բոլոր «գայիշնիկները» դարձան գործիչներ, որովհետև մարդիկ ուղղակի հոգնել էին այդ այլանդակությունից, որը կար։ Հիմա ես ձեզ ասում եմ, հունիսի 7-ին դուք հնարավորություն ունեք մեկ օրում այս ամենը փոխելու, այս նվաստացումը կանգնեցնելու»,- շեշտել է նա։
Մարուքանի խոսքով՝ ՀՀ-ում սեփական քաղաքացուն տուգանելը պլանավորված եկամտի աղբյուր է։
Ավելի ուշ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որը ԴԱՀԿ շենքում էր մասնագիտական տոնի առթիվ միջոցառման շրջանակում, մոտեցել է Մարուքյանի թիմին ու պատասխանել նրա մտահոգություններին։ Նրա պնդմամբ՝ 1000-ից 998-ի դեպքում համակարգն անխափան աշխատում է, սակայն կրկնակի բռնագանձումներ լինում են, քանի որ համակարգը երբեմն խոտանվում է։ Նա նշել է, որ քաղաքացին այս դեպքում պետք է դիմի, որպեսզի խուսափի կրկնագանձումից։ Նա նշել է, որ դեպքերը տարբեր են լինում ու երբեմն դա կապված է մեկ այլ պարտավորություն չկատարելու հետ։
Արձագանքելով Մարուքյանի դժգոհությանը, թե համակարգն է թերի, Գալյանն ասել է, որ այլ կերպ բռնագանձում կատարել ու մյուս քաղաքացիների իրավունքները պաշտպանել հնարավոր չէ։





























