«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հայտարարել է, որ դատի կտա «Անկախ դիտորդ»-ին ու նրա անդամ Դանիել Իոաննիսյանին։ Նա այս մասին խոսել է ապրիլի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակել է Armenia Today-ը Youtube-ում:
Կազմակերպությունն ապրիլի 22-ին դատական հայց էր ներկայացրել վարչական դատարան «Իմ քայլը»՝ նշելով, որ հիմնադրամի կողմից իրականացվող միջոցառումները (քաղաքացիների խրախուսմանն ուղղված հիմնադրամի ծրագրերը) փոխկապակցվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, ինչը խախտում է գործող բարեգործության արգելքի օրենսդրությունը։ Վերջինս արգելում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ փոխկապակցված ՀԿ-ների գործունեությունը՝ սկսած ընտրությունների նշանակման օրվանից։
Հակոբյանը նշել է, որ խախտվել են իր իրավունքները Սահմանադրության և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող մի շարք իրավունքներ, և հայցի բավարարման դեպքում իրեն սպառնում է մինչև 6 միլիոն դրամի չափով տուգանք։
«Սահմանադրության հոդված համար 7-ը սահմանում է ընտրական իրավունքի սկզբունքները: ԱԺ-ի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ, մասնավորապես՝ իմ հանդեպ խախտվել է այս հոդվածը։ ԸՕ հոդված համար 4-ը՝ ազատ ընտրական իրավունքը, սահմանում է՝ ընտրություններն անցկացվում են ընտրական իրավունքի իրականացման ազատության և կամավորության սկզբունքների հիման վրա»,- նշել է նա։
Հակոբյանը պնդել է՝ ոչ ոք իրավունք չունի պարտադրել ընտրողին քվեարկել որևէ թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին մասնակցել կամ չմասնակցել ընտրություններին։
Հիմնադրամի տնօրենը նշել է, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ մարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, ինչը ըստ մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ձևավորված դատական պրակտիկայի՝ ներառում է նաև հոգեբանական ճնշման, ահաբեկման և նվաստացման ձևերը, իսկ կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված արտահայտվելու ազատության իրավունքը ենթադրում է, որ անձը չպետք է ենթարկվի ճնշման կամ ազդեցության, որը կարող է սահմանափակել նրա ազատ կամարտահայտությունը, այդ թվում՝ ընտրական գործընթացների համատեքստում։
Հակոբյանի պնդմամբ՝ խախտվել են նաև կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համապատասխան դրույթները, որոնք քրեականացնում են ցանկացած հիմքով բռնություն, ներառյալ՝ նաև հոգեբանական և հուզական բռնության ձևերը, որոնք կարող են արտահայտվել սպառնալիքի, հարկադրանքի կամ մանիպուլյատիվ միջոցով և դիտարկվում են որպես կանանց նկատմամբ խտրականության դրսևորում։
Վարչապետի տիկինը պնդում է, որ հիմնադրամի գործունեությունն ու իր անձնական դերակատարումը, իր կարծիքով, անհիմն կերպով շաղկապվում են քաղաքական գործընթացների հետ, ինչը հանգեցնում է հեղինակության կորուստների։
Հիմնադրամի ղեկավարը նաև հայտնել է, որ իրավաբանական թիմին հանձնարարել է ուսումնասիրել Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հնարավորությունը, ինչպես նաև հայց ներկայացնել՝ հիմնադրամի գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցման պահանջով։






























