Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի աջակիցներն ու ընկերներն ակցիա են իրականացրել Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ: Ակցիայի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-ի ալիքում։
Ակցիայի մասնակիցները խնդրել են ազատ արձակել նրան կամ ընտրել այլընտրանքային, մասնավորապես՝ տնային կալանք խափանման միջոցը։
Ակցիայի մասնակիցները Գլխավոր դատախազության շենքի մոտ էին եկել «Մարդը բացարձակ արժեք է», «Ազատություն Դավիթին», «Ազատություն մեր ընկերոջը» պաստառներով։ Նրանք Վարդապետյանից պահանջել են իջնել ակցիայի մասնակիցների մոտ։
Բողոքի ակցիայի մասնակից Աննա Հովհաննիսյանն ընթերցել է Վարդապետյանին ուղղված դիմումը, որտեղ նշվում էր, որ Մինասյանն ունի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ։ Նրանք մատնանշել են նաև 12-րդ դասարանում սովորող տղայի կրթության իրավունքի խախտման մասին։
«Դավիթը դպրոցական է և ունի առողջական խնդիրներ, կալանքի պայմանները կարող են վտանգել նրա առողջությունն ու կյանքի անվտանգությունը։ Մենք մեր դիմումը ներկայացնում ենք որպես քաղաքացիական և մարդասիրական պահանջ՝ առաջնորդվելով մարդասիրության, համաչափության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներով»,- հայտարարել է Հովհաննիսյանը։
Նա հավելել է, որ կալանքը կարող է անդառնալի ազդեցություն ունենալ տղայի հոգեբանական վիճակի, կրթության և ապագայի, ինչպես նաև առողջության վրա։
Հովհաննիսյանի խոսքով՝ ոստիկաններն ակցիայի մասնակիցներին դատախազության շենքի ներսում առաջարկել են նամակը փոխանցել ներկայացուցիչների միջոցով, սակայն նրանք պնդել են դատախազի հետ առանձնազրույց ունենալ:
Ավելի ուշ Հովհաննիսյանը հայտնել է, որ Վարդապետյանը չի հանդիպել ակցիայի մասնակիցների հետ։ Վերջիններս հրաժարվել են ընդունել Վարդապետյանի փոխարեն այլ բաժնի պետերից մեկի հետ հանդիպելու առաջարկը։ Հետո որոշում են կայացրել դիմումի տակ ստորագրահավաք սկսել և այն գրավոր փոխանցել դատախազին։
Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել է, որ այսօր «Նաիրի» բժշկական կենտրոնում տեսակցել է պաշտպանյալին: Նա տեղեկացրել է, որ 18-ամյա երիտասարդը շարունակում է վատ վիճակում մնալ։
«Դավիթը վատ է, նա ունի ուժեղ գլխացավեր, թույլ է։ Հիվանդասենյակում է, բայց չի կարողանում նստել գլխապտույտների պատճառով։ Չեմ ուզում փաստաթղթեր հրապարակել, բայց Դավիթի ախտորոշումը մտահոգիչ է»,- տեղեկացրել է փաստաբանը։
Մարտիրոսյանն ակնկալում է, որ Դավիթի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը հաշվի առնելով՝ դատախազը շտապողականություն կդրսևորի և տղային ազատ արձակելու բողոքը հնարավորինս շուտ քննության կառնվի։
Նա նաև տեղեկացրել է, որ Դավիթի կրթության իրավունքի և նրան կալանքից ազատելու երաշխավորության խնդրաքնով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացված դիմումը դեռ անպատասխան է։
«Անդրեասյանն ասել էր, որ պատշաճ կքննարկեն և կարձագանքեն։ Բայց եթե հարցը հրատապ է, կարծում եմ՝ այդպես քննարկել չի կարելի»,- շեշտել է նա։
Մինասյանի և Փաշինյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել մարտի 29-ի պատարագին։ Ըստ տեսանյութերի՝ նա Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել»։ Արդյունքում՝ քաշքշոց էր սկսվել։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Մինասյանը, իր երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը, վերջիններիս ազատ էին արձակել՝ գրավի ու բացակայելու արգելքի հիմքով։ Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, նրան ավելի ուշ հիվանդանոց էին տեղափոխել։
Դիտեք նաև՝
«Շատ սխալ», «կոտրեցին», «պետք չէր վարչապետին դեմ գնալ». հարցում՝ դպրոցականի կալանքի մասին

























