Զորակոչից Մ․Պ․-ին խաբեության եղանակով խուսափելու փորձ կատարելուն օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել նրա մորը, կեղծ փաստաթուղթ տրամադրող բժիշկին ու մեկ քաղաքացու, հայտնել է Քննչական կոմիտեն:
Ըստ հրապարակման՝ նա 2024 թվականի ապրիլի 29-ին Կոտայքի մարզի զինկոմիսարիատ էր ներկայացրել «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ-ի կողմից տրված պարբերական հիվանդությամբ տառապելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ։ Այն հերքվել է ինչպես բժշկական կլինիկայում և ախտորոշիչ լաբորատորիայում կատարված հետազոտություններով, այնպես էլ վարույթի շրջանակում նշանակված դատագենետիկական փորձաքննությունների եզրակացություններով, պնդում է ՔԿ-ն։
Զորակոչիկի մայրը, բժշկական կենտրոնի բժիշկը և քաղաքացի Հ.Մ.-ն, խոչընդոտները վերացնելով և տեղեկություններ տրամադրելով, օժանդակել են Մ.Պ.-ին, սակայն հանցանքն ավարտին չի հասցվել:
Ա.Ի.-ի, Ա.Ն.-ի և Հ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 46-44-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու փորձին օժանդակելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով):
Զորակոչիկը ճանաչվել է պիտանի և ծառայության անցել Զինված ուժերում։





































