Արցախի ներկայացուցչության շենքում դեկտեմբերի 11-ին կատարված խուզարկությունից հետո հնարավոր է, որ մինչև տարեվերջ շենքը փակվի կամ վերջնականապես առգրավվի Արցախի իշխանություններից, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթին Արցախի պաշտոնյաները չեն բացառել, որ շենքը կարող է փակվել, հնարավոր են ձերբակալություններ։ Նրանք գիտակցում են, որ առաջին թիրախն Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանն է, նշել է լրատվականը։
Armenia Today-ը փորձեց ճշտել Արցախի ներկայացուցչության շենքը փակելու մասին տեղեկությունը և հնարավոր ժամկետները, սակայն Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ հրապարակված լուրից բացի այլ մանրամասներ չեն կարող հայտնել։
Դեկտեմբերի 11-ին ՔԿ-ն խուզարկություն էր իրականացրել Արցախի ներկայացուցչության շենքում։ Կոմիտեի գործողություններն սկսվել էին ժամը 11:00-ին և ավարտվել 16:30-ի սահմաններում։ ՔԿ-ն խուզարկության ժամանակ առգրավել էր մեկ համակարգիչ և մի քանի այլ իր։
























