Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անհապաղ վիրահատության կարիք ունի, Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Այս զգայուն հարցն օր առաջ պետք է լուծվի։ Պետք է սրբազանին իր բժշկի հսկողությամբ և մասնակցությամբ վիրահատելու հնարավորություն ստեղծվի։ Ես պահանջատեր եմ լինելու, մարդը պետք է պատշաճ բուժօգնություն ստանա»,- նշել է նա։
Դանիելյանը տեղեկացրել է, որ պաշտպանը դիմում ներկայացրել է, բայց «դիմումում խնդիր են տեսել ու խնդրել նորից ներկայացնել»։
«Նորից կներկայացնենք, հետո կտեսնենք՝ արհեստական խոչընդոտներ կստեղծվե՞ն, թե՝ ոչ»,- նշել է պատգամավորը։
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, մինչդեռ, լրագրողներների հետ զրույցում պնդել է, որ արքեպիսկոպոսը «ծայրահեղ ծանր վիճակում չէ»։ Նա նշել է, որ պաշտպանական կողմը կարող է դիմում ներկայացնել, և այն կքննարկվի։
Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։




































