Երևանի Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների հատման վայրում 51-ամյա Արմեն Գ.-ի Mercedes Maybach-ի և 39-ամյա Արայիկ Մ.-ի Hongqi ավտոմեքենաների բախման հետևանքով 5 մարդ է վիրավորվել, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ հրապարակման՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 17-ին՝ ժամը 22։50-ին։ Նշվում է, որ հարվածից Maybach-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Սուրեն Դ.-ին պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով 5 մարդ տեղափոխվել է Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ, զոհերի մասին կայքը չի հայտնել։
Ըստ հրապարակման՝ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։ Armenia Today-ի խնդրանքով՝ կոմիտեն ճշտում է դեպքի մանրամասները, որոնք կհայտնի հաջորդիվ։
Թարմացվել է 12։00-ին
ՔԿ-ից Armenia Today-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով): Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն, նշել են գերատեսչությունից։

























