Փետրվարի 19-ն Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Արդեն մի քանի տարի է` այս օրը Հայաստանում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»:
Սովորաբար այդ օրը կազմակերպվում են շնորհանդեսներ, գրական հանդիպումներ, գրախանութներն էլ տոնական զեղչեր են հայտարարում: Հայկական մշակույթի մաս է դառնում նաև միմյանց գիրք նվիրելը:
Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ պարզելու համար, թե արդյոք մեր քաղաքացիները գիտե՞ն, թե ինչ օր է, ի՞նչ գիրք են նվեր ստացել և ումի՞ց, ի՞նչ գիրք են նվիրել, ինչպես նաև արդյոք գիրք կարդո՞ւմ են:
Հարցման մասնակիցների մեծ մասը տեղյակ է տոնի մասին, իսկ շատերը նախատեսում են հենց այսօր գրքեր նվիրել հարազատներին կամ գործընկերներին։
Անդրադառնալով ընթերցողական նախասիրություններին՝ քաղաքացիները նշել են, որ նախապատվությունը տալիս են մասնագիտական կամ գեղարվեստական գրականությանը։
«Եթե հանգստանալու համար է` գեղարվեստական, եթե ըստ անհրաժեշտության` մասնագիտական»,- ասել է քաղաքացիներից մեկը:
Ընդ որում՝ ընթերցողների հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ինչպես հայ և արտասահմանյան դասականների ստեղծագործությունները, այնպես էլ ժամանակակից գրականությունը` Մուրացան, Պարույր Սևակ, Դեն Բրաուն և այլն։
«Դասական գրականություն եմ սիրում, հատկապես ֆրանսիական հին` 18 դարի գրողներին»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը:
Հարցվածների մի մասն էլ խոստովանել է, որ առօրյա զբաղվածության պատճառով ընթերցանության համար ժամանակ գրեթե չի գտնում։
«Իմ առօրյան շատ զբաղված է, եթե ժամանակս հերիքի՝ սիրով կկարդամ»,- ասել է մեկ այլ քաղաքացի:
Այնուամենայնիվ, հարցվածների մյուս խումբը, չնայած խիտ գրաֆիկին, կարողանում է ժամանակ հատկացնել գրքերին։
«Ժամանակը քիչ է, բայց ճաշի ժամերին կարդալու հնարավորություն գտնում եմ»,- ասել է հարցման մասնակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։


































