Փորձագետները Armenia Today-ին մեկնաբանել են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորելու տնտեսական հետևանքները և իշխանությունների կողմից Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ազգայնացնելու հնարավոր ռիսկերը:
Կալանքը՝ որպես մեսիջ Սփյուռքին, իրավական համակարգի ուզուրպացիա
Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը նշել է, որ Հայաստանում առանց այդ էլ ներդրումային միջավայրը խոցելի է, իսկ Կարապետյանի կալանավորումն էլ ավելի բացասական ազդակ է լինելու։
«Կարապետյանի կալանավորումը ցույց տվեց, որ Հայաստանում ոչ ոք, նույնիսկ Կարապետյանի նման խոշոր գործարարը պաշտպանված չէ։ Նրա կալանքը ցույց տվեց նաև, որ իշխանությունը վախենում է գործարարներից և որ ռեսուրս ունեցող մարդիկ կարող են ինչ-որ կարծիք արտահայտել»,- նկատել է քաղաքագետը։
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի խոսքով՝ Կարապետյանի հիմնադրած ընկերությունները խոշոր հարկատուներ են Հայաստանում և առանցքային դեր ունեն ներդրումային միջավայրում։ Սարգսյանը նշել է, որ Կարապետյանի կալանավորումը բացասական ազդակ է ներդրումային միջավայրին։
«Կարապետյանին կալանավորելը մի կողմից խոչընդոտում է լրացուցիչ ներդրումների ներգրավմանը, մյուս կողմից՝ նպաստում ՀՀ-ից կապիտալի արտահոսքին։ Առհասարակ ներդումային միջավայրը բարելավելը տարիների քրտնաջան աշխատանք է, իսկ ներդումային միջավայրը վերականգնելը՝ գրեթե անհնարին։ Այսինքն, այլ բան է զրոյից կառուցել ներդրումային միջավայր, այլ բան՝ փչացնել ներդրումային միջավայրն ու հետո ներդրողներին ասել՝ «գիտե՞ք՝ մենք փոխվել ենք»»,-շեշտել է Սարգսյանը՝ հավելելով, որ եթե ներդրումային միջավայրի նկատմամբ սպառնալիքները շարունակություն ունենան, կարելի է ընդհանրապես մոռանալ Հայաստանի ներդրումային գրավչության մասին։
Նախաձեռնության ղեկավարի դիտարկմամբ՝ բոլոր խոշոր ձեռնակատերերը նախընտրում են իրենց կապիտալն ավելի հուսալի երկրներ տեղափոխել, որտեղ նաև օրենքի գերակայություն կա։
«Հայաստանում, սակայն, օրենքի գերակայություն այլևս չկա՝ ոչնչացվել է։ Իշխանությունը, որը խոսում է իրավական պետության մասին, գրառմամբ հայտարարում է ՀԷՑ-ն ազգայնացնելու մտադրության մասին։ Իրականում խելամիտ կառավարիչները ռազմավարական նշանակության ունեցող կառույցներն ազգայնացնելու գործընթացն իրականացնում են այնպես, որ ոչ ոք դրա մասին չիմանա։ Մինչդեռ այս դեպքում իշխանության համար ՀԷՑ-ն ազգայացնելը փոքր PR քայլ է, թե, իբր, ամեն ինչ տանում են պետականացման, բայց դրանով քանդում են պետության հիմքերը․ երբ օրենքի գերակայություն չկա, սա ներդրողներին մեսիջ է առ այն, որ Հայաստանում հարցերը ոչ թե օրինական ճանապարհով, այլ ինչ-որ մեկի կամքից կախված հանգամանքներով են լուծվում»,- հավելել է Սարգսյանը։
Փորձագետի խոսքով՝ Կարապետյանի կալանքը, ՀԷՑ-ին առնչվող հայտարարությունները մեսիջ են նաև Սփյուռքին, որ երբևէ ՀՀ-ում ներդրում անելու, Հայաստանի մասին մտածելու և որևէ քայլ անելու մասին չմտածեն։
ՀԷՑ-ն ազգայնացնելու հայտարարությունները՝ հարված Հայաստանի խոցելի ներդրումային միջավայրին
Միքայելյանն էլ համոզված է՝ արդեն իսկ խոցելի ներդրումային միջավայրը մոտակա կամ միջնաժամկետ հատվածում չի կարող բարելավվել հատկապես ՀԷՑ-ն ազգայնացնելու հայտարարությունների ֆոնին։
«ՀԷՑ-ը հայտարարել էր ավելի քան 600 մլն դոլարի ներդրման մասին, ինչը լուրջ գումար է էներգետիկ ոլորտում։ Այս ամենն անտեսելը, մեկ օրվա մեջ քաղաքական դրդապատճառներով ՀԷՑ-ի սեփականտիրոջը ձերբակալելը և ընկերությունն ազգայնացնելու մասին հայտարարելը լուրջ խնդիր է։ Ցանկացած գործարար սա իր համար վտանգավոր է համարելու՝ չբացառելով, որ եթե Կարապետյանի հետ այսպես են վարվել, իր հետ էլ կարող են»,- շեշտել է տնտեսագետը։
«ՀՀ-ում էլէներգիայի վաճառքի ազատականացումից հետո, երբ առանձին արտադրողներ կարող էին պայմանագիր կնքել առանձին խոշոր սպառողների հետ, պահանջարկ-առաջարկի հիման վրա սակագները նվազում էին։ Այդ միտումն իր հերթին էներգետիկ ոլորտի ամբողջական եկամուտների նվազում էր առաջացնում։ Այդ բացն ինչ-որ տեղից պետք է լրացնել, որը կարող է լինել բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման միջոցով։ Ունեմ տեղեկություններ, որ կառավարությունը բնակչությնա համար սակագինը բարձրացնելու նպատակ ուներ։ Իմ տեղեկութուններով՝ ՀԷՑ-ն առավելագույնս դիմադրում էր նախաձեռնությանը»,- նշել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ փոխարենը կառավարությունն ընդդիմանար սակագների բարձրացմանը, հակառական է՝ պետությունն ուզում է բարձրացնել, բայց մասնավորա կառավարիչները և սեփականատերերը չեն ցանկանում։
«Պատկերացրեք, եթե հասնեն իրենց նպատակին ու ՀԷՑ-ը սեփականաշնորհվի, ինչպիսի սպառնալիքներ կունենանք էներգետիկ ու տնտեսական անվտանգության տեսանկյունից․ սակագների բարձրացումից զատ նաև կառավարման դժվարություններ՝ հաշվի առնելով այս իշխանությունների կառավարման որակը»,- նկատել է Սարգսյանը։
Միքայելյանը հիշեցրել է, որ 10 տարի առաջ ՀԷՑ-ը պատկանում էր պետությանը, բայց քանի որ պետությունն ունակ չէր այդ ոլորտում ներդրումներ կատարել՝ այն վերավաճառեց Կարապետյանին՝ պայմանով, որ «Տաշիր» ընկերությունների խումբ ներդրումներ կանի։
«Այս ամբողջ ընթացքում մենք տեսանք, որ ընկերությունը կարողացել է պահել էլեկտրաէներգիայի ցածր սակագները, քանի որ արդյունավետության բարձրացմանն ուղղված ներդումներ է արել։ Եթե այդ ներդրումները դադարեցվեն, կարճաժամկետ առումով վտանգ չեմ տեսնում, բայց միջնաժամեկտ ու երկարաժամկետ առումով ակնհայտորեն խնդիրներ կունենանք»,- ասել է Միքայելյանը։
Փորձագետի խոսքով՝ ներդրումային միջավայրն այսօրվա աշխարհաքաղաքական հակամարտության ֆոնին միանշանակ չէ, և այս տեսանկյունից իշխանությունները սխալ հաշվարկներ են անում։
«Կարող ես հուսալ, որ երբ կալանավորում ես ռուսական կապիտալ ներկայացնող գործարարի, դա արևմտյան կապիտալի վրա չի ազդելու։ Այդ հաշվարկը, սակայն, ճիշտ չէ, քանի յուրաքանչուր արևմտյան գործարար տեսնելու ու մտածելու է, որ եթե այսօր ռուսական կապիտալի հետևից են ընկնում, վաղն էլ կարող են ընկնել արևմտյան գործարարների հետևից, եթե, օրինակ, հակասեն իշխանությունների քաղաքական օրակարգին»,- եզրափակել է Միքայելյանը։
Փորձագետները ներդրումային միջավայրի՝ իրենց մատնանշած սպառնալքիների պայմաններում աղետալի հետևանքներ են կանխատեսում, որոնց թվում նաև աղքատության և գործազրկության աճն է։
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին:
Աննա Բադալյան