Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից կարող է հանգեցնել երկրի ՀՆԱ-ի 14%-ի կորստի և էներգակիրների գնաճի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ղազախստանում ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը նշել է, որ ռուս և հայ ժողովուրդները դարեր շարունակ կապված են բարեկամության և հատուկ հարաբերությունների կապերով։
Նախագահի խոսքով՝ ինքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել է, որ «այն, ինչ լավ է հայերի համար, ընդունելի և լավ է Ռուսաստանի համար»։ Ռուսաստանի նախագահը կրկնել է, որ «Ուկրաինայի ճգնաժամն սկսվել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու փորձերից»՝ ընդգծելով Ռուսաստանում և ԵՄ-ում չափորոշիչների և նորմերի տարբերությունները, ինչպես նաև երկու դաշինքներին Հայաստանի միաժամանակյա անդամակցության անհամատեղելիությունը։
«Հետևաբար, մենք ստիպված կլինենք, ինչ-որ տեղ՝ և ոչ միայն, այլև մեծ հաշվով՝ կրճատել մեր գրեթե բոլոր աշխատանքները, այս դեպքում՝ Հայաստանի հետ, տնտեսական ոլորտում, որոնք կապված են ինտեգրացիոն գործընթացների հետ»,- ասել է Պուտինը։
Թվարկելով ԵԱՏՄ-ի առավելությունները Հայաստանի համար՝ նա նշել է էներգակիրների ցածր գները և երկրում կուտակված 4,9 միլիարդ դոլարի ներդրումները, որոնց 86%-ը, ըստ նախագահի, ռուսական ծագում ունի։
Նա ընդգծել է, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա ազատ առևտրի համաձայնագրերին Երևանի մասնակցությունը կդադարեցվի, ինչը կհանգեցնի մաքսային լիարժեք վերահսկողության և մաքսային տուրքերի վերականգնման։
Պուտինը նաև հետևանքների շարքում նշել է տեխնիկական կանոնակարգերի և բուսասանիտարական ստանդարտների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման դադարեցումը՝ հիշեցնելով, որ Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքն արտահանվում է ռուսական շուկա։
Ռուսաստանի նախագահը նշել է ծառայությունների, զբոսաշրջության և տրանսպորտային ծառայությունների առևտրի կրճատումը։ Ավելին, ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալուց հետո ԱՊՀ երկրներից միգրանտների համար նույն պահանջները կկիրառվեն նաև հայ աշխատողների նկատմամբ, ինչը կհանգեցնի նրան, որ Հայաստանի քաղաքացիներն ստիպված կլինեն թույլտվություններ ստանալ Ռուսաստանում աշխատելու համար։
Պուտինը նաև հայտարարել է, որ հայ ճանապարհային փոխադրողների համար թույլտվությունների տրամադրման ընթացակարգը պետք է վերականգնվի, և երկաթուղային սակագները պետք է բարձրացվեն ներկայիս ռուսական ներքին սակագներից մինչև ԱՊՀ երկրների համար նախատեսված սակագներ։
«Եվ, իհարկե, կա էներգակիրների գների աճ։ Անշուշտ, նույն նախապատվություններ չեն լինի, ինչպես հիմա է։ Մեր նախնական գնահատականներով՝ նույնիսկ ոչ թե մեր սեփական, այլ փորձագիտական մակարդակով, տարբեր փորձագետներ կարծում են, որ սա կհանգեցնի Հայաստանի ՀՆԱ-ի առնվազն 14%-ի կորստի»,- ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարները կպահանջեն, որ «հնարավորինս շուտ» անցկացվի հանրաքվե՝ դաշինքներից մեկին Հայաստանի անդամակցության վերաբերյալ։
Այսօր ավելի վաղ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը կոչ էին արել Հայաստանում անցկացնել ազգային հանրաքվե՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր Հայաստանի մտադրության մասին՝ շարունակել աշխատանքը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում՝ հաշվի առնելով դրա բոլոր անդամների ազգային շահերը։
Վերջին ամիսներին Ռուսաստանը հետևողականորեն սահմանափակումներ է դնում հայկական արտահանման վրա։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներկրման նկատմամբ, կասեցվել էր «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը։
Ավելի ուշ կասեցվել էր նաև Հայաստանից ներկրված ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, ինչպես նաև ՌԴ ներկրվող հայկական ելակը հետ էր ուղարկվել Բագրատաշենի անցակետից։ ՌԴ-ն սահմանափակել էր նաև ՀՀ-ից ծաղիկների, մրգերի ու բանջարեղենի մատակարարումը։
Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Եվրամիությանն անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։ Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին:

























