Տուրիզմի ոլորտում նախատեսվում է տարեկան 200 միլիոն դոլարի ներդրում իրականացնել, որն ուղղվելու է հատկապես մարզերին, Բյուրական համայնքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա ընդգծել է, որ այս համատեքստում կարևորագույն կենտրոններից մեկը դառնալու է Ամբերդը, որը բնակլիմայական պայմանների և պատմական նշանակության շնորհիվ ունի զբոսաշրջային մեծ ներուժ։
«Հայկական եկեղեցիներն ամբողջ Հայաստանով մեկ կան, շատ են, փառք Աստծո, բայց ամրոցները շատ քիչ են։ Ամրոցներից ամենանշանակալին Ամբերդն է, որը դառնալու է կարևոր կենտրոն Հայաստանի ապագա տուրիզմի համար»,- նշել է Կարապետյանը։
Կուսակցության խորհրդի անդամը նկատել է, որ ներկայումս զբոսաշրջային հոսքերի 80%-ը կենտրոնացած է Երևանում։ Ըստ նրա՝ նույնիսկ այդ հոսքի 1-2%-ը դեպի Բյուրական, Արագած և Ամբերդ ուղղելու դեպքում տարածաշրջանում կլուծվի զբաղվածության հարցը, կզարգանա հյուրատների բիզնեսն ու կթանկանան տները։
Կարապետյանը նաև համեմատություն է անցկացրել՝ նշելով, որ նախորդ 5 տարիներին ոլորտում ընդամենը 20 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում է կատարվել։






































