Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ Անկարան աջակցում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին հենց այս տեսանկյունից։
«Կարգավորումը ենթադրում է տնտեսական հարաբերությունների արդիականացում։ Մենք կարող ենք զարգացնել համագործակցությունն էներգետիկ ոլորտում և օգտագործել առկա հնարավորությունները։ Հուսով եմ՝ գործընթացը կշարունակվի բոլոր կողմերի օգտին»,- նշել է նախարարը։
Հայաստանն ու Թուրքիան փետրվարի 13-ին համաձայնության էին եկել Վրաստանի միջով ուղիղ ցամաքային առևտրի մեխանիզմի շուրջ։ Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը և 1993 թվականից փակ սահմանին` կողմերը շարունակում են բանակցություններ վարել հաղորդակցությունների բացման շուրջ։
Հունվարի 19-ին Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ Թուրքիան կվերականգնի Ալիջանի սահմանային անցակետը Հայաստանի հետ։ Երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար անցակետը բացելու վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերվել 2022 թվականի ամռանը։ Անկարան նախկինում հայտարարել էր, որ Ալիջանի սահմանային անցակետում աշխատանքների 90%-ն ավարտված է։






































