Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նախասիրությունների ու հաշվարկների պատճառով դժվարին կացության առաջ է կանգնել, ուղիներ է որոնում՝ ինչպե՞ս անել, որ ձևավորի «Քաղաքացիական պայմանագրի»՝ իր համար ցանկալի նախընտրական ցուցակն առանց օրենքի շրջանցման, գրում է «Հրապարակ»-ը:
Որպես օրինակ՝ թերթը նշել է, որ Փաշինյանը կցանկանար իր խորհրդական Լիլիթ Մակունցը կամ պատգամավոր Մարիա Կարապետյանն առաջին հորիզոնականներում լինեն, ինչը թիմում բացառում են, եթե համաժողովն ընտրի, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և էլի մի քանիսը հետին հորիզոնականներում հանգրվանեն, որ այլևս բարձր պաշտոնի չհավակնեն։
Պարբերականը նշել է, որ ՔՊ-ում նոյեմբերի 30-ին է ավարտվել պատգամավորության թեկնածուների առաջադրումների ժամկետը, և «Կուսակցությունների մասին» օրենքով ցուցակի առաջին 30 անձին ընտրում է կուսակցության համաժողովը:
Նոյեմբերի 27-ին ՔՊ նախաձեռնող խմբի նիստում, թերթի տվյալներով, ցուցակի կազմման հարցն է քննարկվել:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ իշխող կուսակցության ցուցակում առաջադրվել են նաև փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք ներկայումս 8-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներ են՝ ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, քրդական համայնքի ներկայացուցիչ, 80-ամյա Կնյազ Հասանովը, որը ՀՀԿ-ի նախկին պատգամավոր է:
Առաջադրվել է նաև ասորական համայնքի ներկայացուցիչ Արսեն Միխայլովը, որը 6-րդ և 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր էր ՔՊ խմբակցությունից, նախկինում՝ ՀՀԿ-ից, հավելել է պարբերականը:
Բաքոյանից բացի, մյուս երեքն անկուսակցական են ու ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրվելու համար 1,5 միլիոն դրամ գումար են վճարել:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կկայանան 2026թ. հունիսին:






































