Ամբողջությամբ մարվել են Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր ճանապարհահատվածի, Սյունիքի մարզի Վերին Հանդ բնակավայրի, Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածի հրդեհները, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ Տավուշի մարզի Նավուր համայնքի տարածքում հրդեհը մեկուսացվել է։
Նշվում է, որ Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում շարունակվում են ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքները։ Հիմնականում այրվել է խոտածածկ և բուսածածկ տարածք, ջերմահարվել են ծառեր:
Այսօր ավելի վաղ Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքներ կատարելիս վթարի էր ենթարկվել ծառայողական ավտոմեքենա, որի հետևանքով փրկարար էր զոհվել։ Վթարի հետևանքով հոսպիտալացված չորս փրկարարից երեքի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` բավարար:






































