ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 26-ի արտահերթ նիստում հավանություն է տվել «ՀՀ և ԵՄ միջև ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին, որի շրջանակում ՀՀ-ից ԵՄ նաև զինված առաքելություն ուղարկելու հարցն է։
Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը պարզաբանել է, որ դեկտեմբերի 2-ին Բրյուսելում տեղի է ունենալու Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստը, գործադիր մարմինների ներկայացուցիչները խնդրել են համաձայնագիրը քննարկել և համապատասխան որոշում կայացնել մինչև այդ նիստը:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, համաձայնագիրը ներկայացնելով, նշել է, որ այն ստորագրվել էր հունիսի 30-ին ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև, և Հայաստանը նույն օրն ստացել էր ծանուցում համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի վերաբերյալ:
Նրա խոսքով՝ համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում ճգնաժամերի կառավարման ոլորտում լավագույնս օգտագործել ԵՄ փորձն ու գիտելիքները: Նա նաև շեշտել է, որ անընդհատ խոսում են ռազմական բաղադրիչի մասին, սակայն շրջանակը շատ լայն է՝ ռազմական կամ քաղաքացիական բժիշկներից մինչև սակրավորներ և այլ մասնագիտությունների ներգրավվածություն։ Եղոյանի խոսքով՝ «երբ մեզ է պետք լինում օգնություն, այդ պետություններն իրենց ծախսով օգնում են», և որևէ բացասական բան չկա, որ եվրամանդատով Հայաստանն էլ իր օգնությունը ցուցաբերի։
Փոխնախարարը նշել է, որ Հայաստանի մասնակցությունը ԵՄ առաքելություններին հնարավորություն կընձեռի կողմերի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցության հաստատմանը կամ խորացմանը, ինչը տարբեր նախաձեռնությունների շրջանակներում կդյուրացնի հետագա համագործակցությունը:
Հայաստանի կողմից ԵՄ ճգնաժամային կառավարման քաղաքացիական գործողության համար գործուղված անձնակազմի, ինչպես նաև ԵՄ ճգնաժամային կառավարման ռազմական գործողության համար տրամադրված անձնակազմի և ուժերի կարգավիճակի հարցերը կարգավորվում են ուժերի կարգավիճակի մասին համապատասխան համաձայնագրով կամ առաքելության կարգավիճակի մասին համապատասխան հանաձայնագրով, նշել է Սաֆարյանը։
Եղոյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 28-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվելու հարցը քննարկելու նպատակով։



































