Նոյեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացել, Armenia Today-ին հայտնել է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Նավիկյանը մանրամասնել է, որ 1954 թվականի ծնված դատապարտյալը բժշկական մասնաշենքում է գտնվել։ Նա նշել է, որ ժամը 11։10-ի սահմաններում դատապարտյալի առողջական վիճակի վատթարացման պատճառով շտապօգնություն են կանչել, սակայն արձանագրվել է նրա կենսաբանական մահը։
Armlur.am-ը գրել էր, որ մահացածը Ռազմիկ Նալբանդյանն է, ով Արցախից էր։ Կայքի տեղեկություններով՝ սպասում էր, որ նրան առողջական խնդիրների պատճառով պետք է ազատ արձակեին։
Դատապարտյալների մահվան դեպքերի վերաբերյալ վերջին ամիսներին ԱԺ-ում բարձրաձայնել էին ընդդիմադիր պատգամավորները։ Հոկտեմբերի 16-ի նիստում կառավարությունը հավանություն էր տվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գործունեությունը դադարեցնելու նախագծին։ Տեղեկացրել էին, որ հիվանդանոցի փոխարեն կգործի նոր բաժանմունք՝ «Արմավիր» ՔԿՀ-ի ստեղծած «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» կազմում։






































