Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիրը հեռախոսով քննարկել է Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, գրում են ուկրաինական լրատվամիջոցները:
ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես նման առաջարկներ կամ ծրագրեր չի ստացել, նշել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Axios պարբերականը նոյեմբերի 21-ին ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 28 կետից բաղկացած ծրագրի մանրամասները: Սպիտակ տան աղբյուրների տվյալներով՝ հենց այդ կետերն են ներկայացվել կողմերին քննարկման համար:
Ծրագրի հիմնական դրույթները ներառում են.
Անվտանգության երաշխիքներ և տարածքային կարգավիճակ - Ուկրաինայի ինքնիշխանությունը հաստատվում է, ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի, Ղրիմն ու Դոնբասը դե ֆակտո ճանաչվում են որպես ռուսական, Խերսոնն ու Զապորոժիեն սառեցվում են շփման գծում:
Ռազմական սահմանափակումներ - Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը սահմանափակվում է մինչև 600 հազար մարդ, ՆԱՏՕ-ն զորքեր չի տեղակայում երկրի տարածքում:
Վերականգնում և տնտեսական համագործակցություն - Ուկրաինայի զարգացման հիմնադրամի ստեղծում ԱՄՆ-ի և Եվրոպայի ներդրումներով, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ համատեղ նախագծեր, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացում փուլ առ փուլ:
Մարդասիրական միջոցառումներ և իրավական պաշտպանություն - գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց», քաղաքացիական պատանդների վերադարձ, կրթական ծրագրեր և լեզվական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն:
Վերահսկողություն և իրականացում - հրադադար, համաձայնագրի ստորագրումից 100 օր անց ընտրությունների անցկացում, Թրամփի գլխավորած «խաղաղության խորհրդի» իրակագործման վերահսկում:
Bloomberg-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՄՆ-ն ծրագրի իրագործման համար Կիևի համար սեղմ ժամկետներ է սահմանել:





































