Վաղարշապատի երկու ընտրատեղամասում էլեկտրամատակարարման անջատումներ են տեղի ունեցել, հայտնել է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով՝ 14/08 և 14/13 տեղամասերում էլեկտրաէներգիան անջատվել է։ «Հայաքվե» նախաձեռնության դիտորդները նույնպես հայտնել են 14/08 ընտրատեղամասում էլեկտրաէներգիայի անջատման մասին՝ հրապարակելով տեղամասից տեսանյութ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի ուշ հայտնել է, որ նշված ընտրատեղամասերում էլեկտրաէներգիան վերականգնվել է։ Հանձնաժողովի տվյալներով՝ էլեկտրաէներգիայի անջատումը տևել է ընդամենը մի քանի րոպե, էլեկտրամատակարարման խափանման պահին տեղամասերում ներկա են գտնվել ԶԼՄ ներկայացուցիչներ և դիտորդներ։
Վաղարշապատ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են, մասնակցում է ութ քաղաքական ուժ, դրանց թվում են՝ Խաչիկ Մանուկյանի գլխավորությամբ «Հայրենիք» կուսակցությունը, Սևակ Խաչատրյանի գլխավորած «Հաղթանակ» դաշինքը, որը միավորում է «Առաջ» և ՀՅԴ կուսակցությունները, Արգիշտի Մեխակյանի առաջնորդած ցուցակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Վահրամ Ազատյանի առաջնորդությամբ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Մայր Հայաստան» ազգային-ժողովրդավարական կուսակցությունը՝ համայնքապետի թեկնածուն՝ Գրիշա Հարությունյան, Արկադի Փայտյանի գլխավորությամբ «Ժառանգություն» կուսակցությունը, Հարություն Մկրտչյանի առաջնորդությամբ «Հանրապետություն» կուսակցությունը և «Համահայկական ճակատ» կուսակցությունը՝ ցուցակի առաջին համարը՝ Արտեմ Սիմոնյան։


























