Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն արձագանքել է միության գույքը ՀՀ սեփականությանը վերադարձնելու հայցին ու հարուցված քրեական գործին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նոյեմբերի 15-ին հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ամիսներ առաջ իր և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղարկած նամակին, որով պահանջել են միության գույքը ՀՀ սեփականությանը վերադարձնել։ Գաբրիելյանը նշել էր, որ հայցը մուտքագրվել է դատարան, հարուցվել է նաև քրեական գործ։
Սեյրանյանը նշել է, որ այդ գործընթացն իր համար անսպասելի չէր։
«Պարզ էր, չէ՞, որ հերթը լրատվամիջոցներինն է ու լրագրողական աշխատանքինը, նույնիսկ ոմանք այդ մասին հստակ հայտարարել էին: Չի հանդուրժվում որևէ այլախոհություն, այլակարծություն: Սրանց համար խոսքի ազատությունը սոսկ տրաֆարետ է, չեն խորշում որևէ բռնաճնշումից՝ օգտագործելով ամենաեղկելի գորիքակազմը, գռեհիկ բառապաշարը, սկսած՝ ընտանիքներ մտնելուց, մասնավոր ու անձնական կյանքի կոպիտ խախտումներ անելուց»,- գրել է Սեյրանյանը։
Միևնույն ժամանակ նա տեղեկացրել է, որ առաջիկայում կորոշի, թե իրավական որ ձևաչափով հանդես կգա։
«Ոչինչ, իհարկե, անպատասխան չի մնալու: Կեղծիքի և ֆեյքնյուզի, ատելության խոսքի առաջամարտիկներ, նայե՛ք ձեզ հայելու մեջ: Ձեր «կիրթ և կառուցողական» թուրք գործընկերներին գնացեք հերքեք. մեր հրապարակման մեջ և՛ իրենց հղումն է տեղադրված, և՛ դրան ձեր անդրադարձը: Լսեք, ԱԱԾ-ն էլ է ձեր ձեռքի տակ, բոլոր ուժայիններն էլ: Ստուգեք և՛ ինձ, և՛ ինքներդ ձեզ և ձեր շրջապատին, պարզեք՝ ով ում գործակալն է»,- հավելել է նա։


































