Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ընթացքում մեղադրողները հնչեցրել են հայ գերիների ազատազրկման ժամկետների պահանջները։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ցմահ ազատազրկում են պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի ու ՊԲ փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի նկատմամբ։
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Մելիքսեթ Փաշայանի համար դատախազները պահանջել են 20 տարվա ազատազրկում։ Նշվում է, որ Ղուկասյանը, Սահակյանը և Բաբայանը չեն կարող դատապարտվել ցմահ ազատազրկման, քանի որ լրացել է նրանց 65-ամյակը։
Դատախազությունը նաև պահանջել է Գարիկ Մարտիրոսյանի համար 19 տարվա, Դավիթ Ալավերդյանի համար՝ 18 տարվա, Լևոն Բաբայանի համար՝ 17 տարվա, իսկ Վասիլի Բեգլարյանի, Գուրգեն Ստեփանյանի և Էրիկ Ղազարյանի համար՝ 16 տարվա ազատազրկում։
Հաջորդ նիստը նշանակվել է նոյեմբերի 27-ին։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործը քննվում է առանձին։































