Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու նախագծին։
Օրենսդրական առաջարկի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ու պատգամավոր Գեղամ Նազարյանը: Նախագծի վերջնական ընդունման դեպքում այն կներառվի ՀՀ տոների և հիշատակի օրերի ցանկում, և հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր։
Ռուբինյանի գնահատմամբ՝ հունվարի 27-ն է ընտրվել, քանի որ այն որևէ կոնկրետ ռազմական իրադարձության հետ կապ չունի, բայց ունի որոշակի տրամաբանություն և խորհուրդ:
«Ընտրել ենք հունվարի 27-ը՝ որպես Բանակի օրվան՝ հունվարի 28-ին նախորդող օր։ Հունվարի 27-ին կհիշենք երկնային բանակին, հունվարի 28-ին կտոնենք երկրային բանակի օրը»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը։
Նա նշել է, որ հունվարի 28-ին ավանդաբար պաշտոնյաները և այլ անձինք այցելում են «Եռաբլուր», ու օրն սկսում զոհերի հիշատակը հարգելով: Նա առաջարկել է հունվարի 27-ը սահմանել ոչ թե սգո, այլ հիշատակի օր:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ այդ օրը Բանակի օրվա հետ է կապվում, և առաջարկել է առանձին օր նշանակել: Ռուբինյանը հավելել է, որ պատրաստ են քննարկել այլ օր սահմանելու առաջարկը, եթե մինչև նախագծի երկրորդ ընթերցումը հիմնավորված ու փաստարկված առաջարկ լինի։
ՀՀ կառավարությունը 2024 թվականին մերժել էր սեպտեմբերի 27-ը որպես Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակի օր ճանաչող օրինագիծը․ 2025 թվականի հոկտեմբերին հավանություն էր տվել նախագծին։





































