Արագածոտնի թեմի բոլոր հոգևորականներին հոկտեմբերի 26-ին ՀՀ Քննչական կոմիտե կանչած քննիչն ընթացք չի տալիս գործին, նոր ծանուցումներ չկան, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Հոգևորականների պաշտպաններից փորձեցինք տեղականալ, թե ի՞նչ ընթացք ունեցավ ծանուցումների գործը. պարզվեց՝ ոչ մի ընթացք չկա: Փաստաբաններից տեղեկացանք, որ շաբաթ օրվանից հետո որևէ մեկը ծանուցում չի ստացել»,- գրում է թերթը։
Ավելի վաղ հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմի հոգևորականները տեղեկացրել էին, որ 19 քահանայի և 2 սարկավագի փոխանցվել են Քննչական կոմիտեի ծանուցագրեր կիրակի օրը՝ ժամը 9։00-ին, հարցաքննությանը ներկայանալու պահանջով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հոկտեմբերի 26-ին մասնակցել էր Հովհաննավանքում մատուցված պատարագին, որը վարում էր կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը։ Պատարագը մատուցվել էր կառավարության անդամների, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և իշխանությունների կողմնակիցների ներկայությամբ։
Պատարագի ժամանակ վանքից դուրս էր տարվել մի տղամարդ, որը բղավել էր՝ կարգալույծ քահանան իրավունք չունի պատարագ վարել: Նույն օրն առավոտյան ոստիկանությունը ձերբակալել էր Արագածոտնի թեմի երկու վանահոր, ապա ազատ արձակել նրանց: Իրավաբան Արա Զոհրաբյանին և վանահայր Շնորհք Պալոյանին թույլ չէին տվել մոտենալ վանքին:




































