Երևանն առաջիկա շաբաթներին և ամիսներին բավականին շոշափելի առաջընթաց կգրանցի Անկարայի հետ սահմանների բացման շուրջ բանակցություններում, Deutsche Welle-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Դա առավելագույնը մի քանի ամսվա հարց է: Դա իմ ընկալումն է: Տեսնենք, թե ամեն ինչ ինչպես կդասավորվի»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ հայ-թուրքական երկխոսությունը տեղի է ունենում առանց նախապայմանների։ Միևնույն ժամանակ, Միրզոյանը խոստովանել է, որ թուրք գործընկերները չեն կարող ավարտել գործընթացը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել մինչև Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորումը:
Նախարարն ընդգծել է, որ խաղաղության շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների ֆոնին Անկարան պատրաստակամություն է հայտնել բացել սահմանները, վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը և երկկողմ ուղիղ առևտուրը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միայն մասամբ ճիշտ է համարել այն պնդումը, որ սահմանային ենթակառուցվածքներն արդեն պատրաստված են հայկական կողմից, բայց ոչ ամբողջությամբ՝ թուրքական կողմից, քանի որ Անկարան պատրաստ չէ դրան այնքան, որքան Երևանը: Ի պատասխան այս դիտարկմանը՝ Միրզոյանը նշել է, որ երկրները լավ երկխոսություն ունեն Թուրքիայի հետ բազմաթիվ մակարդակներում՝ առաջնորդներ, արտգործնախարարներ, հատուկ բանագնացներ և տեխնիկական խմբեր։
Մարտին Միրզոյանը հայտնել էր, որ հայ և թուրք փորձագետներն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երթուղու վիճակը։
Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սեպտեմբերի 12-ին այցելել էր Հայաստան։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Քըլըչը 6-րդ հանդիպմանը վերահաստատել էին կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու հանձնառությունը։
Turkish Airlines-ը սեպտեմբերին հայտնել էր դեպի Հայաստան կանոնավոր չվերթեր սկսելու որոշման մասին:




































