Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության արքեպիսկոպոսի այսօրվա հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ կապված է Հայ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու փորձի հետ, հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Եկեղեցին Պարսից շահերի մոտ շատ անգամ դեսպաններ է ուղարկել, որպեսզի հնարավորություն ստեղծի բանակցելու հայ ժողովրդի կարգավիճակի և իրավունքների հարցով։ Արամ Ա կաթողիկոսն ինձ հետ զրույցում տեղեկացրել է, որ բանակցելու է (ՀՀ վարչապետ Նիկոլ-խմբ․) Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը»,- նշել է Կարապետյանը։
Նա կոչ է արել այսօր տեղի ունեցած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Կիլիկիա» մատենադարանի տնօրեն Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանի և վարչապետի հանդիպումն «ուրիշ ձևով չընկալել»։
Միաժամանակ՝ նա վստահություն է հայտնել, որ այդ փորձերն անհաջողության են մատնվելու:
«Այս մարդիկ ունեն օրակարգ և շարունակելու են այնքան ժամանակ, մինչև հայ ժողովուրդն իր խոսքը չասի»,- հավելել է Կարապետյանը:
Այսօր ավելի վաղ Շահան արքեպիսկոպոսը Փաշինյանին էր նվիրել Արամ Ա-ի գահակալության 30-ամյակի առիթով հրատարակված հատորը և նրան փոխանցել կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։




































