Ֆրանսիայի Պետական խորհուրդը մերժել է «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի դիմումը՝ վերանայելու այն իրավական ակտերը, որոնք զրկում են նրան ընտրություններին մասնակցելու իրավունքից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ֆրանսիայի վարչական բարձրագույն դատարանին։
Պետական խորհրդի անդամներն իրենց դիրքորոշումը բացատրել են նրանով, որ Լը Պենի բողոքարկումը բավարարելու համար «կպահանջվեն փոփոխություններ գործող օրենսդրության մեջ», ինչը Պետական խորհրդի իրավասության մեջ չէ։
«Հետևաբար, Պետական խորհուրդը չի կարող միջնորդությունն ուղարկել հաջորդ ատյան՝ Սահմանադրական խորհուրդ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Մարտի 31-ին Փարիզի դատարանը Լը Պենին դատապարտել էր չորս տարվա ազատազրկման խորհրդարանական օգնականների գործով, որոնցից երկուսը նա պարտավոր կլինի կրել էլեկտրոնային շղթա (մյուս երկու տարին՝ պայմանական-խմբ.): Դատարանը նաև արգելել է նրան զբաղեցնել ընտրովի պաշտոններ և մասնակցել ընտրություններին հինգ տարի ժամկետով: Այս միջոցը, ի տարբերություն ազատազրկման, ուժի մեջ է մտել անմիջապես և կարող է չեղյալ հայտարարվել միայն հաջող վերաքննիչ բողոքարկման դեպքում:
Փարիզի դատարանի վճիռը Լը Պենին արգելում է առաջադրվել 2027 թվականին նախագահի պաշտոնում և մասնակցել խորհրդարանական ընտրություններին Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) վաղաժամկետ լուծարման դեպքում: Ֆրանսիացի ընտրողների ավելի քան մեկ երրորդը, ըստ հարցումների, պատրաստ է 2027 թվականի նախագահական ընտրություններում քվեարկել Լը Պենի օգտին։





































