Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան մտադիր է հոկտեմբերի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել երկու երկրների շահերից բխող համագործակցության զարգացման հարցերը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով SANA լրատվական գործակալությանը։
Գործակալության տվյալներով՝ ալ-Շարաան «պաշտոնական այց կկատարի Ռուսաստան՝ երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերակառուցման և քաղաքական ու տնտեսական համագործակցության քննարկման շրջանակներում»։
Նա ակնկալում է Ռուսաստանի առաջնորդի հետ քննարկել «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային իրադարձություններ, ինչպես նաև երկու երկրների շահերից բխող համագործակցության զարգացման ուղիներ որոնել»։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սիրիայի պաշտոնանկ արված նախագահ Բաշար ալ-Ասադն ընտանիքի հետ ապրում է Մոսկվայում և ժամանակն անցկացնում է առցանց խաղեր խաղալով։
2024 թվականի դեկտեմբերին զինված ընդդիմությունը մտել էր Դամասկոս, որից հետո Ասադը հրաժարական էր տվել և լքել երկիրը: Ալ-Շարաան՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպության առաջնորդը, դարձել էր ժամանակավոր նախագահ:






































