ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես մեկնարկել է «Միասնության թևեր» անվամբ քաղաքական նախաձեռնություն։ Նա այս մասին հայտարարել է նախաձեռնության մեկնարկի միջոցառման իր ելույթում։
Թաթոյանի խոսքով՝ «Միասնության թևեր»-ի նպատակն է հաղթահարել ներքին բևեռացումը և համախմբել հասարակությունը հիմնարար արժեքների՝ արդարադատության, պրոֆեսիոնալիզմի և ազգային արժանապատվության շուրջ։
Նա ընդգծել է, որ այլևս չի կարող անտարբեր մնալ երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ և քաղաքական կյանքին մասնակցելը համարում է իր քաղաքացիական պարտքը։ Թաթոյանը հավելել է՝ քաղաքական նախաձեռնության արտաքին քաղաքականությունը կուղղորդվի անկախ, ինքնիշխան, անվտանգ և կայուն զարգացող Հայաստանի գաղափարով։
«Հայաստանը պետք է հանդես գա ինքնուրույն միջազգային օրակարգով պատասխանատու արտաքին քաղաքականության, շահերի համադրման և ոչ թե հակասության վրա հիմնված բազմակողմ համագործակցությամբ, ճկուն, այլ ոչ թե հարմարվող արտաքին քաղաքականությամբ՝ հավատարիմ մնալով ազգային պետական շահերի արժեքների, վստահության, հավասարության և փոխադարձ հարգանքի ու շահավետության վրա հիմնված միջազգային համագործակցությանը, միջազգային իրավական արտաքին քաղաքականությանը»,- նշել է նախկին մարդու իրավունքների պաշտպանը։
Թաթոյանը նաև ընդգծել է հարկային և տնտեսական բարեփոխումների, սոցիալական պաշտպանության համակարգի արդիականացված մոտեցումների, կրթության և առողջապահության նկատմամբ մոտեցման վերանայման և հայկական սփյուռքի հետ փոխգործակցության նոր մոդելի մշակման անհրաժեշտությունը։
Շարժումը որպես իր խորհրդանիշ ընտրել է թևավոր ցուլը:
«Մեր խորհրդանիշը թևավոր ցուլն է, որի թևերին հարված են մեզ առաջնորդող յոթ արժեքները, իսկ ցուլը նույնպես խորհրդանշում է ուժ, աշխատասիրություն, հետևողականություն, համառություն, համբերություն և հաղթանակ։ Այս խորհրդանիշների ներքո էլ մենք շարժվելու ենք առաջ», - հավելել է Թաթոյանը։
Նախկին ՄԻՊ-ն ընդգծել է, որ նախաձեռնությունը բաց է բոլոր քաղաքացիների համար՝ անկախ նրանց նախկին քաղաքական հայացքներից, և ուղղված է հասարակության մեջ բևեռացման հաղթահարմանը։ «Հակադրության դարաշրջանն ավարտված է, եկել է արարելու ժամանակը»,- նշել է Թաթոյանը։
Ինչ վերաբերում է նախաձեռնության ֆինանսական միջոցներին, ապա նա շեշտել է՝ իր գործունեությունը («Թաթոյան» հիմնադրամ-խմբ.) միշտ ֆինանսավորվել է տարբեր հայրենակիցների ներդրումներով, նրանք շարքում նշել է իր ընկերներին, իրեն անծանոթ մարդկանց:
«Նույնը վերաբերում է այս գործունեությանը: Չկա մի որևէ մեծահարուստ մարդ, որն ամբողջը մեզ ֆինանսավորում է, մի հատ էլ թելադրելու է, թե ինչ անել», - ասել է նա:
Թաթոյանը լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է, որ իր հիմնադրամը միշտ ֆինանսավորվել է տարբեր հայրենակիցների ներդրումներով, սակայն չի մեկնաբանել, թե ում մասին է խոսքը։ Մեկնաբանելով տեղեկությունները, թե քաղաքական համագործակցությունների շուրջ քննարկումներ ունի Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և Հայ ազգային կոնգրեսի հետ, Թաթոյանն ասել է, որ Մարությանին վերջին անգամ 2019 թվականին է հանդիպել, իսկ ՀԱԿ շատ ներկայացուցիչներ իր բարեկամներն են, ու քննարկումներ իսկապես կան։
Նա նաև ընդգծել է, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսների դեմ գործերը քաղաքական հետապնդում են. «Հայոց եկեղեցու երկու սրբազանների նկատմամբ քրեական հետապնդումները քաղաքական մոտիվացիայով քրեական հետապնդումներ են, և նրանք քաղաքական հաշվեհարդարի հիման վրա բանտարկյալներ են: Նույնը վերաբերում է Սամվել Կարապետյանին, նույնն էլ նրա գործը»:
Նա քաղաքական մտնելու մասին հայտնել էր օրեր առաջ՝ հոկտեմբերի 6-ին: Թաթոյանը 2016-2021 թվականներին ՀՀ օմբուդսմենն էր:

























