Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան մինչև այսօր էի, բանտից հղած իր նամակում նշել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նամակը հրապարակել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Անդրադառնալով իր ազատազրկմանը՝ Աջապահյանը շեշտել է, որ սա կմնա այս «չիշխանության ամոթն ու խայտառակությունը»։
«Թեև որքան թքես անամոթի երեսին, իր համար անձրև է թվալու»,- գրել է Շիրակի թեմի առաջնորդը։
Աջապահյանի խոսքով՝ չարիքի իշխանությունն իր ավարտին հասցրեց հերթական անբարոյական սցենարը՝ իր ապօրինի և շինծու դատապարտումով, ինչը անհամեմատելի է հայրենի Արցախի կորստյան, հազարավոր զոհերի և անհետ կորածների ու գերիների առկայության հետ։
Նա նաև շնորհավորել է Գյումրի քաղաքի օրվա առիթով և շնորհակալություն հայտնել զորակցության և սատարումի համար:
«Մաղթում եմ, որ այսօր լավ ուրախանաք և ժպիտն անպակաս լինի ձեր գեղեցիկ դեմքերից: Այդ ժպիտն ավելացնել եմ փորձել վերջին 26 տարիներին, և այսօր ձեր ցնծությունը լավագույն նվերը կլինի ինձ՝ բանտի պատերից ներս, որտեղ Աստված ինձ հետ է միշտ»,- հավելել է նա։
Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել հունիսի 26-ին: Սրբազանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար: Նա մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական:
Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման: Շիրակի թեմի առաջնորդի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել այս որոշումը: Վճիռը քննադատել է նաև Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը:






































