Ես չեմ իջնի իրենց մակարդակին, «շպրտվի» բառին համահունչ չեմ պատասխանի, լրագրողներին ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։
Նա շեշտել է՝ վարչապետը թիվ մեկ ամբիոնից նմանատիպ խոսք է ասում «ժողովրդի ընտրյալին՝ 6 անգամ քաղաքապետ, 2 անգամ ԱԺ պատգամավոր ընտրված մարդուն»։
«Ուղղակի ուզում եմ ասել հայ ժողովրդին՝ տեսեք, թե մենք ում ենք ընտրել հայ ժողովրդի վարչապետ»,- ասել է նա։
Այսօր ավելի վաղ Փաշինյանը Գյումրու քաղաքապետին մեղադրել էր ընտրակաշառք բաժանելու մեջ և նրա ընտրվելն անվանել «թյուրիմացություն»։ Ռուսաստանի հետ միութենական պետությանը սատարող Ղուկասյանի հայտարարության վերաբերյալ Փաշինյանը նշել է, որ «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին պետք է ուղղակի դուրս շպրտել քաղաքական և հանրային կյանքից»։
Ղուկասյանը նաև անդրադարձել է որևէ միության կազմ մտնելու մասին իր խոսքերին։ Նա շեշտել է, որ «միություն» ասելով չի նշանակում Հայոց պետականության անկում։
«Այդ ո՞վ է անկախության, Հայաստանի պետականության հետ կապված որևիցե բան ասել։ Երբ ասում եմ՝ միություն, այդ միությունը պաշտպանելու է ՀՀ-ն, Հայաստանի պետականությունը։ Հայոց պետականությունը պահելու համար պետք է մտնենք որևիցե միության կազմի մեջ ոչ այն սկզբունքով, որ դառնանք գուբերնիա, ո՞վ է ասել, որ ես գուբերնիա եմ ասել»,- հավելել է նա։
Ղուկասյանի խոսքով՝ իշխանությունները սա հասկանում են, բայց ուզում են, որ «Հայաստանը դառնա թուրքական վիլայեթ, որովհետև էրդողաներն ու ալիևներն իրենց հանձնարական են տվել իր նման մարդկանց կալանավորել, արտաքսել, ունեզրկել, պետական կառույցներից հանել»։ Նա ընդգծել է, որ Արցախի անունն ընդհանրապես չեն տալիս, խոսում են Հյումրիից, որտեղ պարտություն են կրել գարնանը կայացած ընտրություններում:
Քաղաքապետը նաև «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Կարեն Սարուխանյանին, որը խորհրդարանում հարց էր տվել Ղուկասյանի հայտարարությունների մասին, անվանել է «հաստագլուխ» և նշել, որ ինքը «չի ուզում իջնել նրա մակարդակին»։
Ղուկասյանը լրագրողներին հայտնել է, որ մոտ օրերս պատրաստվում է ՀՀ կառավարությանը դատի տալ։ Նրա խոսքով՝ Գյումրի քաղաքից հանրապետական բյուջե են տանում 85 մլդ դրամ, վերադարձնում՝ 4 մլրդը։ Նրա համոզմամբ՝ կառավարությունը պետք է Գյումրի քաղաքին տա 27-31 մլրդ դրամ։
Քաղաքապետի խոսքով՝ դատի տալու մյուս պատճառը քաղաքի հատակագիծը չհաստատելն է։
«Քաղաքի հատակագիծը պատրաստ է, բայց պտտվում է տարբեր տեղեր, չեն թողնում, որ փոքր ու միջին բիզնեսը զարգանա։ Պետությունը բռնանում է երկրի բնականոն զարգացմանը»,- ավելացրել է նա։




































