Փարիզի քրեական դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2005-2007 թվականներին Լիբիայի կառավարության կողմից իր ընտրարշավի ֆինանսավորման հետ կապված հանցավոր դավադրության մեջ, հաղորդում է France Info-ն։
Հետաքննության տվյալներով՝ Սարկոզին իր ամենամոտ գործընկերների միջոցով «կոռուպցիոն պայմանագիր» է կնքել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի հետ՝ իր 2007 թվականի նախագահական քարոզարշավի համար լրացուցիչ ֆինանսավորում ապահովելու համար։
Նշվում է, որ Ֆրանսիայի նախկին նախագահն արդարացվել է այլ մեղադրանքներից, մասնավորապես՝ պետական միջոցների հափշտակությունը թաքցնելու և պասիվ կոռուպցիայի դրվագներով։
Սարկոզին, որը Ֆրանսիայի նախագահն էր 2007-2012 թվականներին, արդեն դատապարտվել է երկու առանձին գործերով և զրկվել Ֆրանսիայի բարձրագույն պարգևից:
Սարկոզիի քարոզարշավի նախկին ղեկավար Կլոդ Գեանը մեղավոր է ճանաչվել դավադրության, պասիվ կոռուպցիայի, պասիվ ազդեցության չարաշահման, կեղծիքի, կեղծարարության և ծանրացուցիչ հանգամանքներում փողերի լվացման մեջ։
Բրիս Օրտեֆյոն, որը Սարկոզիի օրոք տարբեր ժամանակներում զբաղեցրել է Ներգաղթի, աշխատանքի և ներքին գործերի նախարարի պաշտոնը, մեղավոր է ճանաչվել դավադրության մեջ։
Ֆրանսիայի նախկին առաջնորդի նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման գործով հետաքննությունն սկսվել էր 2013 թվականին՝ ֆրանս-լիբանանցի գործարար Զիադ Թաքիդդինի մեղադրանքներից հետո, որն ապացույցներ ր ներկայացրել Սարկոզիի՝ 2007 թվականի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը Լիբիայի մասնակցության վերաբերյալ։






































